ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս. Մարության
Երևանի քաղաքապետը հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են առաջիկա անելիքների, տրանսպորտային համակարգում սպասվող փոփոխությունների ու նոր երթուղային ցանցի հետ կապված հարցեր:
Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են նոր երթուղային ցանցով: Միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում:
Բոլոր բանակացություններում թե կառավարության, թե ձեզ հետ, կարևորում եմ քաղաքի ու քաղաքացիների շահը: Մայրաքաղաքի համար այս նախագիծը պետք է հնարավորինս մատչելի լինի, բնակիչների համար ապահովի առավելագույն հարմարավետություն, և քաղաքն ու բնակիչները պետք է զերծ մնան ինչ-որ կոլապսներից, խնդիրներից: Հաշվի ենք առնում նաև բնապահպանական խնդիրներ` էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց ունենալու համար: Երթուղային նոր ցանցի սպասարկման հարցում կարծիքներն ու մոտեցումները դեռևս տարբեր են»,-նշեց քաղաքապետը:
Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն երկու տարի.վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում: Մինչ այդ, Երևանի քաղաքապետը մի շարք առաջարկներ է ներկայացրել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերություններին:
Հաջորդ տարվանից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետներն (15 տարի)ավարտվում են: Սա այն դեպքում, երբ այսօր քաղաքային երթուղին սպասարկում է շուրջ 900 միկրոավտոբուս:
Ներկայումս գործող ընկերությունները կարող են թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ և մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը:
Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ներկայացրել են նաև իրենց դիտարկումները՝ գործող և նոր երթուղային ցանցի ու ներկայացված առաջարկների վերաբերյալ:
Առաջիկայում մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունները կներկայացնեն իրենց տեսլականը՝ համայնքի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման հարցում:
Տեսանյութը Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից: