Կառավարությունը 523 մլն 400 հազար դրամ հատկացրեց հանրակրթական ու մարզական դպրոցներին մարզագույք տրամադրելու համար

ՀՀ կառավարությունը 523 մլն 400 հազար դրամ հատկացրեց ՀՀ հանրակրթական ու մարզական դպրոցներին մարզագույք տրամադրելու համար: 

 

Որոշումը կայացվեց այսօր՝ օգոստոսի 29-ին, կառավարության նիստի ժամանակ: Զեկույցով հանդես եկավ ԿԳՄՍ նախարար Արային Հարությունյանը, որը նշեց, որ արդյունքում 110 անում մարզագույք տրամադրվելու է 54 մարզական կազմակերպությունների եւ 7 անուն մարզագույք 330 հանրակրթական դպրոցների: 

 

Նախարարն ընդգծեց, որ մարզագույքի առկայությունն ուղիղ կապ ունի մեծ սպորտում հաջողությունների հետ եւ տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս պահին դպրոցների մարզագույքը խիստ մաշված է եւ պիտանի չէ օգտագործման համար: Նաեւ նշեց, որ 2012-19 թթ. մարզագույքի համար ավելի քիչ գումար է տրամադրվել, քան իրենք պատրաստվում են անել հիմա միանգամից:

 

«Սպորտի նախարարությունը 2012-19 թթ. հատկացրել է 420 մլն դրամ, մենք միանվագ հատկացնում ենք 523 մլն դրամ: 2017-19 թթ. ընդհանրապես մարզագույք չի հատկացվել եւ նույնը չի իրականացվել 2014 թ.: Ուսումնասիրություններն էլ ցույց են տալիս, որ մեր չեմպիոնների մեծ մասը շատ սահմանափակ թվով դպրոցներից են: Նույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա նաեւ կապված է մարզագույքի հետ, որ չի տրամադրվում: Սա լրացուցիչ խթան է Ստեփանակերտում Ձեր կողմից բարձրացված գերնպատակներից մեկը լուծելու համար մարզական ոլորտում: Իհարկե այստեղ այլ անելիքներ էլ կան: Մենք ՀԱՕԿ-ի հետ վերջերս քննարկումներ ենք ունեցել, դպրոցներում թե՛ մարզիչների որակավորումների, թե՛դպրոցների կազմակերպման հետ կապված կան շատ հարցեր, որոնք ուշադրության կենտրոնում են»,- ասաց նա:

 

Զեկույցի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երեւում է, որ նախարարությունները միացնելն արդրացված է, քանի որ այսպես  տարբեր ոլորտների միջեւ հաղորդակցությունն ավելի արդյունավետ է եւ առաջնահերթություններն ավելի տեսանելի են:  Վարչապետը նաեւ հետաքրքրվեց Գյումրիում օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներից: Նրա օգնական Նաիրի Սարգսյանը նշեց, որ այսօր հանդիպում է ունենալու մարզիկի հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի ու ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի հետ, եւ քննարկելու են ճարտարապետական հարցեր: Ինչ վերաբերում է շինարարությանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ասաց, որ մյուս տարի կորոշվեն աշխատանքների ծավալները, եւ կմտցվի հաջորդ տարվա ծրագրի մեջ: Արայիկ Հարությունյանն էլ ավելացրեց, որ հետաքրքիր նախագիծ է առաջարկել Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի: