Արտաքին քաղաքականությունում շատ լավ ձեռքբերումներ ունեինք մինչև հեղափոխությունը. Մարուքյան

ՀՀ դիվանագիտական կորպուսը հեղափոխությունից հետո, ըստ էության, չի փոխվել: Մենք շատ լավ ձեռքբերումներ ունեինք մինչև հեղափոխությունը, իսկ հեղափոխությունից հետո անցել է մեկուկես տարի՝ ի՞նչ ենք մենք ավելացրել այս եղածի վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ դեսպանների ամենամյա ժողովի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

 

Նա հիշեցրեց, որ մինչև հեղափոխությունը ՀՀ-ն, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, միակն է միությունում, որ ՆԱՏՕ-ի հետ ունի խոր համագործակցություն: Ինչպես նաև Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկիրը, կրկին միակն է այդ միությունից, որ Եվրամիության հետ ունի ստորագրված համաձայնագիր:

 

«Հեղափոխությունից հետո անցել է մեկուկես տարի՝ ի՞նչ ենք մենք ավելացրել այս եղածի վրա: Մեկուկես տարվա մեջ մենք որպես դրսում վաճառելու պրոդուկտ ունենք ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, այն արժեքները, որոնք հռչակել ենք հեղափոխությամբ, և դա գալիս է գումարվելու մեր ունեցածին, բայց այդ գումարումն արդյունքով այսօր չեմ կարող ասել: Ասում ենք՝ ժողովրդավարական երկիր ենք, ի՞նչ բարեփոխումներ եք արել այս մեկուկես տարվա մեջ: Այս պահին դրա հետ կապված, մեծ հաշվով, բան չկա: Կարող ենք պատմել՝ ոնց եղավ հեղափոխությունը,  բայց դրանից հետո ռեֆորմների ուղղությամբ ի՞նչ է արվում»,- նկատեց Էդմոն Մարուքյանը:

 

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ կառավարությունն է մշակում և իրականացնում արտաքին քաղաքականությունը, բայց խորհրդարանի ԼՀԿ խմբակցության ղեկավարը նշում է, որ խնդիրներ կան արտաքին քաղաքականության հռչակված առաջնահերթությունների հետ կապված:

 

«Ըստ էության, մենք չենք կարող ազդել և ասել՝ ինչու են այսպես ձևավորվել մեր առաջնահերթությունները, բայց ես հռչակված առաջնահերթությունների հետ կապված խնդիր ունեմ՝ նվազագույնը ինքնիշխանության հետ կապված: Եթե ինչ-որ մեկն ինձ ԵԽԽՎ-ում հարց տա՝ ի՞նչ էր եղել ձեր ինքնիշխանությանը, որ դուք հիմա հռչակել եք առաջնահերթություն, ճիշտն ասած, ես չեմ կարող այդ հարցին  պատասխանել: Քանի որ հռչակել եք, լավ կլինի ասեք, իմանանք՝ ինչ ենք ասելու»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է խորհրդարանական դիվանագիտությունում խնդիրներին, Էդմոն Մարուքյանը նշեց, որ բոլոր ֆորմատներում՝ ՀԱՊԿ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ, Եվրանեսթ և այլն, ՀՀ խորհրդարանականները «ակտիվ սպասում են»: