Դուք տվեցիք- անցաք բոլոր սահմանները, պարոնա՛յք. գործարարը՝ ՊԵԿ-ին
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ մի կերպ չապահովելով նոր սերնդի ՀԴՄ սարքերով բիզնեսին և համատարած տուգանումներով՝ դուք տվեցիք- անցաք բոլոր սահմանները, պարոնա՛յք... Հայաստանում այս օրերին համատարած տուգանում են այն գործարարներին, ովքեր ամիսներ շարունակ նոր սերնդի ՀԴՄ սարքի են սպասում ՊԵԿ-ից։ Այս գործընթացը ոչ միայն անհապաղ պետք է կասեցվի, նաև պետք է անվավեր համարվեն բոլոր ակտերը»:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ այս գրառման մեկնաբանության հատվածում պատասխանել է Սամսոն Գրիգորյանին. «Հարցն այնքան բազմաշերտ ու բազմակնճիռ է, որ այս հարթակում քննարկումը կլինի շատ անարդյունավետ: Մեկ բան հստակ է, հարկային հսկողությունը պետք է իրականացվի օրենքի տառին համապատասխան, իսկ հարկ վճարողները պիտի օգտվեն իրենց բողոքարկման իրավունքից: Կարծեմ թե բողոքարկման հանձնաժողովի նկատմամբ վերջերս ձևավորված վստահությունն այլևս անբեկանելի է»:
Անդրադառնալով մեկ այլ օգտատիրոջ՝ Գայանե Բաբախանյանի դիտարկմանը, թե կարծում եք նման մեթոդներով կարողանալու եք իրականացնել տնտեսական թռիչքաձև հեղափոխությո՞ւնվ՝ Անանյանը պատասխանել է. «Կարծես թե լավ չեք պատկերացնում, որ ֆորմալ պետությունը ՀԴՄ տրամադրելու իրավական պարտականություն չունի: Ունի կառուցողական պարտականություն, որի շրջանակներում արվում է հնարավորն ու շատ դեպքերում անհնարինը: Հանրությանը դա տեսանելի չէ, հետևաբար, մի փոքր հանդուրժող լինելը չէր խանգարի»: