«Դեռ մեծածավալ աշխատանք կա». ԱԻՆ աշխատըակիցը՝ «Մալաթիա մոլ»-ի հրդեհը մարելու հեռանկարի մասին
Դեռ մեծածավալ աշխատանք կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ աշխատակիցը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այսօր հնարավոր կլինի հրդեհը մարել:
«Հրդեհի մարման համար մեծ ջանքեր են կիրառում հրշեջները: Այս պահին տեղամասեր կան, որ կարելի է հրդեհի մեկուսացման մասին հայտել, բայց դրա համար համապատասխան միջոցառումներ են պետք»,-ընդգծեց ԱԻՆ աշխատակիցը:
Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքացիական հագուստով բազմաթիվ մարդիկ մտնում են «Մալաթիա մոլ»-ի տարածք եւ դուրս բերում տարբեր իրեր, նա պատասխանեց. «Այն հատվածները, որտեղ հնարավոր է զուգահեռաբար տարհանման պրոցես կազմակերպել, տարհանման ուղիները հրշեջները պահպանում են, իրենք իրենց գույքը հանում են՝ կրակի հետագա տարածումը կանխելու համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, որոնց թիվը վերջին տվյալներով հասել է 10-ի, որոնք բոլորն էլ դուրս են գրվել:
Դեպքի վայրում է նաեւ «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Քաղաքացիները, որոնք ամենայն հավանականությամբ, «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցներ են, իրենց վտանգելով ներսից դուրս են բերում վաճառքի ենթակա ապրանքները, այդ թվում կահույք, կենցաղային տեխնիկա, հեծանիվներ, կահույքի հումք եւ այլն:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի:
Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին: Նա այցելել է դեպքի վայր: