Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին, ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար. hetq.am
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:
Տրդատ Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար:
Դեռևս նախորդ տարի՝ օգոստոսի 10-ին, Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակվել էր համալիր դատաբժշկական, դատահոգեբուժական ստացիոնար և ռազմաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Մենք հետաքրքվել էինք, թե արդյոք մեկ տարի անց փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն և այդ տվյալների հիմա վրա հնարավո՞ր է արձանագրել, որ Խաչատրյանը զինծառայությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքով:
«Տրդատ Խաչատրյանը համաձայն դատաբժշկական, ստացիոնար դատահոգեբանական և ռազմաբժշկական հանձնաժողովային համալիր փորձաքննության եզրակացության, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Ինչ վերաբերում է Տրդատ Խաչատրյանի՝ զինվորական ծառայությունից օրինական կերպով ազատված լինելու հարցին, ապա այն ենթակա է գնահատման քրեական գործով վերջնական որոշում կայացնելու ընթացքում»,- ասված է հարցման պատասխանում: Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ գործով նախաքննությունը շարունակվում է:
Տրդատ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո բաց նամակով դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հայտնելով, թե ինչպես է ստացվել, որ 2017 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ ճանաչվել է ոչ պիտանի պարտադիր զինծառայության համար:
«Իրականում ես ստացել եմ այդ հիվանդությունը հետևյալ դեպքերի կապակցությամբ: 2013թ.-ին Գորիսի, մեր տան բակում, տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը:
Նշված դեպքին ես մասնակից եմ եղել և վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ, և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված» և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել»,- գրել էր Տրդատ Խաչատրյանը:
Իր նամակում Խաչատրյանը գրել էր նաև, որ դիմել է տարբեր բժշկական կենտրոններ, որից հետո իր առողջական վիճակում բարելավում է նկատվել, նաև ընդգծել՝ անկախ փորձաքննության արդյունքներից պատրաստ է ծառայել ԶՈՒ-ում:
Մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի ավագ որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ևս մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մեջ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...
Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն զինծառայողների անձնական տեղեկատվության համար․ Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամ...
«Փաշինյանն ուրախանում է Աշոտիկով, ես էլ ուզում էի ուրախանայի իմ Արթուրով». զոհված զինծառայողի մայր
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում բանակում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Մայրերը նշու...