A321-ի օդաչուներին Կրեմլում հերոս են համարում ու ոչինչ, որ եգիպտացորենի դաշտի վնասը լուրջ է. կարևորը բոլորը ողջ են

Կրեմլում մեկնաբանել են Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի հետ կապված միջադեպը և հայտարարել, որ օդաչուներին ամենակարճ ժամկետներում կպարգևատրեն: 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետական պարգևները շնորհվում են երկրի ղեկավարի հրամանագրով:

«Երբ հերոսները ներկայացվեն պարգևների, սեղմ ժամկետներում կկատարվեն անհրաժեշտ ընթացակարգերը, դրանում ոչ մի կասկած չկա, և նրանք կպարգևատրվեն»,- հայտնել է Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել է, որ օդաչուներին Կրեմլում հերոս են համարում: Պատահարի բոլոր գործոնները պարզ կդառնան հետաքննությունից հետո, որը խոստանում է օպերատիվ լինել, քանզի ինքնաթիռի «սև արկղերը» պահպանվել են,- ասել է Պեսկովը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եգիպտացորենի դաշտում, որտեղ այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող օդանավը, աճող բերքը նախատեսված է ձմռանն անասուններին կերակրելու համար: Այդ մասին ռուսական РЕН ТВ-ին պատմել է հողատարածքի սեփականատեր Սերգեյ Դոլժիկովը: «Վնասը գնահատելու հնարավորություն դեռ չկա, չեն թողնում դեպքի վայրին մոտենալ, սակայն կարծում եմ, որ լուրջ բան է: Երբ օդանավն այնտեղից տանեն, դաշտը կավերեն ամբողջությամբ: Պետք է մտածել՝ ինչով կերակրել անասուններին ձմռանը»,- ասել է նա: Սակայն ամենագլխավորն, ըստ նրա, այն է, որ այս միջադեպն ավարտվել է առանց զոհերի:

 

Հիշեցնենք, որ  Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: Շարժիչներից մեկը սկսել է այրվել:

 

Օդանավում եղել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այս պահին հայտնի է, որ վթարային վայրէջքից տուժել է 74 ուղեւոր: