Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունից
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 5 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների սերտ համագործակցության արդյունքում բացահայտվել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքը:
Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատակիցների և Ազգային անվտանգության ծառայության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում ձեռք են բերվել անհերքելի և քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք ապացույցներ, որոնց հիման վրա՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Հիշյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ռ.Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով: 2019թ. օգոստոսի 6-ին վարույթն իրականացնող մարմինը Ռ.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությամբ դիմել է դատարան:
Նախաքննությունը շարունակվում է:
Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա կայացվող դատավարական որոշումների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար: