Հասարակություն

Եթե «կռիշ» ունենայի, կաշառք չէի փոխանցի. Սիլվա Համբարձումյան

WRed 395 դիտում
Եթե «կռիշ» ունենայի, կաշառք չէի փոխանցի. Սիլվա Համբարձումյան

«Սիլվա Համբարձումյանն ընդդեմ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի» քրեական գործով դատական նիստից առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը խոսել է դատավարության ձգձմգան պատճառների մասին:

 

«Դատավարությունն անընդհատ հետաձգվում է, քանի որ գործում ընդգրկված են մեծ թվով մարդիկ: Երեք-չորս հոգին փախած են, մեկը կալանավորած է, մեկն էլ ստորագրությամբ է շրջում քաղաքում: Կարևոր դեմքին՝ Արամ Հարությունյանին էլ չեն կարողանում գտնել: Հետաքրքիր լուր կարդացի այսօր, Մանե Սողոմոնյանն էր գրել` Արամ Հարությունյանը քաղաքում է, ինչո՞ւ չեն կարողանում նրան գտնել»,- ասել է Սիլվա Համբարձումյանը:

 

Խոսելով փախուստի մեջ գտնվող ամբաստանյալների մասին՝  նա նշել է, որ մեկը Սուրեն Ավագյանն է, մյուսը՝ Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրենը, ով, Սիլվա Համբարձումյանի տվյալներով, գտնվում է ԱՄՆ-ում, և նրան այնտեղ կալանավորել են, իսկ երրորդն, իհարկե, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է:

 

«Բոլորը պնդում են, որ Արամ Հարությունյանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Ես կարծում եմ, որ ինքն է լավ թաքնվում, քանի որ իրավապահները դժվար թե չուզենային նրան գտնել: Այս մասին կա նաև վարչապետի հրամանը»,- ասել է    Համբարձումյանը:

 

Ինչ վերաբերում է կաշառք վերցնելու դրվագով մյուս մեղադրյալ Սամվել Մայրապետյանին, ով բուժման նպատակով այժմ Գերմանիայում է, Համբաձումյանի համոզմամբ` Մայրապետյանն իսկապես ծանր հիվանդ է:

 

«Հույս ունեմ, որ մոտ ապագայում դա էլ հանգուցալուծում կստանա: Նրան մեկ անգամ շատ ծանր վիճակում տարել են Գերմանիա: Կբուժվի, վերադառնա»:

 

Գործարարը խոսել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կաշառք տալու դրվագի մասին: Հիշեցնենք՝ Քոչարյանը դիմել է դատարան և մեղադրում է Համբարձումյանին զրպարտության համար:  Գործարարն ասել է, որ առայժմ դատարանից  ծանուցում չի ստացել, և ինքը չի զրպարտում:

 

«Ես երբեք զրպարտությամբ չեմ զբաղվում: Ես ՀՀ-ում առաջին գործարար տիկինն եմ և, կարելի է ասել, գործարար տղամարդը: Իմ բիզնեսն 90-ականներից է, և նման դեպք չի եղել: Ես «կռիշ» էլ չեմ ունեցել:Ես ինքս իմ խելքով, իմ ուժերով եմ առաջ գնացել: Եթե «տանիք» ունենայի, ես չէի փոխանցի կաշառք: Ես կաշխատեի: «Տանիք» չունեմ, ես պարտավոր էի դա անել, որ կարողանայի հանրապետությունում աշխատել: Եվ վերջապես, որ էսօր մարդիկ ցույցեր են անում նախկին իշխանության  համար, ովքե՞ր են էդ  ցույց անողները` բոմժերն են և փողով ցույցի գնացողները: Ոչ մեկը նախկին իշխանությունից գոհ չէ`իմ նման գործարարները»,- ասել է Սիլվա Համբարձումյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250