Ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա. Օսիպյան

Կարծում եմ՝ բերման ենթարկվողներ լինելու են, այս պահին ոստիկանության տեսադաշտում 36-ն են, արդեն 22-ը բերման են ենթարկվել։ Այս մասին այսօր Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

 

Անդրադառնալով  հայտարարություններին, թե երեկ՝ հուլիսի 17-ին, ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները հրահրվել են ոստիկանության ծառայողների կողմից՝ նշեց, որ բնակիչները ոստիկանության հետ պայմաններով են խոսել, ինչն ինքն անթույլատրելի է համարում:

 

«Միանշանակ հերքում եմ. բնական է, բնակիչները դա պետք է ասեին, ոչ ավել, ոչ պակաս… բնակիչները պայման էին դնում ոստիկանության առջև, պայմանով էին խոսում: «Պարո՛ն Օսիպյան, հանե՛ք պահակակետերը… վերադարձրեք մեր մեքենաները, վերադարձրեք մեր մեքենաների մեջ եղած այն՝ առանց որևէ փաստաթղթի փայտը, և նոր մենք ոստիկանության հետ կխոսենք, կամ ճանապարհը կազատենք»,- ասաց Օսիպյանը: 

 

 

Հարցին, թե վերջին շրջանում ԱԱԾ-ում 1 տասնյակից ավելի գործեր կան ապօրինի անտառահատման վերաբերյալ, իսկ ոստիկանությունն ի՞նչ գործողություններ է իրականացրել, Օսիպյանը պատասխանեց. «Ունենք տարբեր բաժիններում համապատասխան ստեղծված նյութեր, բերման ենթարկվածներ, կանխարգելիչ աշխատանքներ են արված, ստացիոնար տեղակայված պահակակետեր ունենք եւ այլն։ Մշտապես աշխատանքներ իրականացվել են»։ Օսիպյանն ասաց, որ լարված իրավիճակի կրկնության որեւէ վտանգ այս պահին չկա. «Հնարավոր է, որ այսօր այստեղ մնամ»: