Ֆելիքս Ցոլակյանը` ողբերգական վթարի մասին

Արտակարգի իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարող հստակ ասել, թե որն է եղել Երասխում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառը.

 

«Կա մոտավորապես այսպիսի վարկած, որ մեքենան դիմացից խփել է «ԳԱԶելին», ապա 06 մակնիշի մեքենան նաև հետևից է հարվածել, ինչից առաջացել է գազի արտահոսք և բռնկում: Շատ արագ է այրվել, փրկարարները, որ հասել են, չեն կարողացել մոտիկ կանգնել, 5-6 մետրից են սկսել հանգման աշխատանքները»:

Նախարարը նշեց, որ մի քանի անգամ ասվել է, որ պետք է բոլոր մարդատար տրանսպորտային միջոցներն ապահովված լինեն կրակմարիչներով: Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ հավանաբար ճիշտ կլինի, որ «ԳԱԶել»-ներն օգտագործեն դիզելային վառելիք, որը չի բռնկվում:

 

Ցոլակյանի խոսքով` ավելի ճիշտ կլինի, որպեսզի հասարակական տրանսպորտային միջոցները պետք է որպես վառելիք դիզելն օգտագործեն, ոչ թե գազը:

 

«Այստեղ խնդիր կա նաև, թե ինչ վառելիք պետք է օգտագործեն մարդատար տրանսպորտային միջոցները: Երևի ճիշտ կլինի, որ օգտագործեն ոչ թե գազ, այլ դիզել, որը ոչ մի բռնկում չի առաջացնի: Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի մենք կարողանանք խուսափել նման դժբախտ դեպքերից»,- ասաց նախարարը: