Անասնապահերը խուճապի մեջ են․ ինչու են կենդանիներն անսպասելի սատկում
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում արդեն 6-րդ կովն են մորթում. 4-ին երեկ են մորթել, 2-ին` այսօր: Եվս 20 կովի էլ հազիվ են փրկել: Անասնապահների համար անհասկանալի վիճակ է ստեղծվել. կենդանիներն անսպասելի սատկում են, գրում է Shantnews.am-ը:
Անասնապահներն ասում են, որ կովերը վաղ գարնանը ստացել են բոլոր պատվաստումները: Կարճաղբյուրում կովերի անկման նման դեպքեր նախկինում չեն եղել: Կենդանիներն, ինչպես նախկինում, հիմա էլ արածում են ափամերձ, անտառամերձ հատվածներում և ջրվում Սևանա լճից`չնայած որ «Սևան» ազգային պարկի կանոնադրությամբ արածեցումն այս հատվածներում արգելվում է:
Այսօր առավոտյան Սննդամթերքի անվտանգության տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկություն տարածեց, որ այս դեպքերն իրենց վերահսկողության տակ են: Հայտարությունում նշված էր, որ դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի մոտակա անտառներում, որտեղ առվույտ է աճում: Իսկ թաց առվույտը որոճողների մոտ փքվածություն, ևորպես հետևանք՝ նաև անկումներ է առաջացնում: Հենց դա էր նշվում որպես կենդանիների անկման նախնական պատճառ, բայց ավելի ստույգ պատճառները հայտնի կլինեն ախտորոշումից հետո:
Սևանա լճի երկայնքով շրջելիս մենք ափամերձ համայնքներում ականատես դարձանք տարբեր իրավիճակների: Եթե Կարճաղբյուրում անասունների անկման նախնական վարկածը կապվում էր առվույտի հետ, ապա Կարմիր գյուղի սարերում առվույտը վաղուց չորացել է, սակայն այստեղ այսօր 2 կով է սատկել, իսկ 15-ն էլ իրենց վատ են զգում:
Այստեղ նշեցին, որ անցած տարի, երբ լիճը կրկին կանաչել էր, 5 կով է սատկել:
Այսպես. շփոթահար մարդիկ շարունակ վազվզում էին վատառողջ կովերի հետևից և փորձում կանխել հնարավոր անկումները:
Արտանիշում էլ անկել է 7 կով, դարձյալ Սևանա լճից ջուր խմելուց հետո, իսկ ահա Ծովինարում անկած կովերը 9-ն են:
Արծվանիստում էլ մի տիկին նշեց, թե լսել են անկման դեպքերի մասին, անհանգստացած են: Սակայն առայժմ իրենց անասունները չեն հիվանդացել, առաջվա պես ուտում և ջուր են խմում նույն տարածքներից:
Գավառի Հացառատ թաղամասից էլ ահազանգում են, որ կովեր են սատկում, դարձյալ անհասկանալի պատճառով: Այդ տեղանքն էլ բավականին հեռու է Սևանա լճից, և անասունները ջրվում են այլ աղբյուրներից:
Գեղարքունիքի մարզ մասնագետներ են եկել: Մսից, տեղանքից համապատասխան նմուշներ են վերցրել և ուղարկել լաբորատոր հետազոտության: Թե ինչն է անասունների անկաման պատճառ դառնում, ցույց կտան հետազոտության արդյունքները: