ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳ նախարարը Ադրբեջանի պահվածքի մասին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ճեպազրույց է տվել լրագրողներին՝ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո:
Ներկայացնում ենք այն հատվածը, որը վերաբերում է Ադրբեջանի քայլին:
Հիշեցնենք, վերջինս վետոյի իրավունքն օգտագործելով՝ ձախողեց երեք հռչակագրի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումն այն բանից հետո, երբ փաստաթղթում չներառվեց տարածքային ամբողջականության սկզբունքը:
Հարց. Առաջին հարցը. ըստ էության պարզ դարձավ, որ Ադրբեջանի յուրօրինակ վետոյի շնորհիվ ձախողվել է ընդունել երեք հռչակագիր և անհրաժեշտ փաստաթղթեր, քանի որ նրանք ցանկանում էին, ինչպես այսօր բացահայտեց պարոն Մամեդյարովը, որ տարածքային ամբողջականության սկզբունքը ևս ներառված լինի փաստաթղթում: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի այս քայլը:
Զոհրաբ Մնացականյան. Գիտեք ինչպես, մենք բոլորս հավաքվել ենք, որպեսզի նշեինք Արևելյան գործընկերության տասնամյակը, և իրականում ինձ թվում է, որ ստացվեց բավական հաջող միջոցառում, այս տասը տարվա գործողությունների, ինչպես նաև համագործակցության բավական հաջող ամփոփում. հնարավորություն եղավ ուրվագծել այն, ինչ կլինի հաջորդ փուլի համար: Այստեղ տեղի ունեցան Արևելյան գործընկերության ամենաբարձր մակարդակով ներկայացված վեց գործընկերների պատվիրակությունների բավական հետաքրքիր և կարևոր քննարկումներ, քննարկվեցին, գնահատվեցին բոլոր մարտահրավերները, մոտեցումները: Այդ առումով ինձ թվում է, որ բավական հաջող գործընթաց էր, հաջող միջոցառում:
Մենք ունենք մեր օրակարգը` Եվրամիության հետ աշխատելով երկկողմ մակարդակով, և ունենք բավական լուրջ, բավական հարուստ օրակարգ: Արևելյան գործընկերությունը եղել և մնում է շատ կարևոր հարթակ, որտեղ մենք համալրում ենք այն, ինչ անում ենք երկկողմ մակարդակով: Եվ այդ առումով մենք սկզբունքորեն գոհ ենք արդյունքներից: Ինչ վերաբերում է ամփոփմանը, ամփոփումը եղել է տիկին Մոգերինիի կողմից, որը արտահայտում է անդամ պետությունների մոտեցումները, իսկ այն, ինչ վերաբերում է Հայաստանին, արտահայտում է մեր մոտեցումները:
Հարց․ Պարոն Մնացականյան, այսինքն, հռչակագիր էր ի սկզբանե նախատեսված, ընդունվեց հայտարարություն, և պատճառը այն էր, որ Ադրբեջանը պահանջում էր, որ տարածքային ամբողջականությունը պահպանվի, թե Հայաստա՞նն էր դեմ արտահայտվում որևէ կետի ։
Զոհրաբ Մնացականյան․ Նորից կրկնեմ, մենք ունենք ամփոփում մեր 10 տարվա գործունեության, որն արտահայտվել է տիկին Մոգերինիի հայտարարության միջոցով։ Մնացածը գործընթաց էր։
Հարց․ Իսկ ծանո՞թ եք, արդյոք իրենց համաձայնագրում Եվրամիությունը և Ադրբեջանը բառընտրության առումով իրենց հայտարարությունները, Ղարաբաղի հետ կապված ձևակերպումները ինչքանո՞վ են համահունչ և բաղդատելի այն ձևակերպումներին, որ կան մեր համաձայնագրում։
Զոհրաբ Մնացականյան․ Նորից կրկնեմ, որ մենք ունենք մեր պայմանագիրը, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որտեղ արտահայտված են բավական մեծ ծավալով տարբեր հարցեր, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցը, ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող պարբերություն։ Եվրամիությունը և Ադրբեջանը միմյանց հետ բանակցում են, ինչ-որ բանակցում են։ Բնականաբար մենք կողմ չենք բանակցությունների, և այստեղ, ինձ թվում է, Եվրամիության համար բավական կարևոր հարց է, որքանով են իրենք սկզբունքային և հետևողական իրենց դիրքորոշումների մեջ։ Այդ առումով, նորից կրկնեմ, մենք ունենք մեր պայմանագրային դաշտը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հարցն ունի իր արտահայտությունը։ Հույսով եմ և վստահ, որ Եվրամիությունը ունի հետևողականությունը պահպանելու սկզբունքներ։
Հարց․ Պարոն Մնացականյան Հայաստանը որևէ կոնկրետ վերապահում ներկայացրե՞լ է Եվրամիությանը՝ Ադրբեջանի հետ հնարավոր գործընկերության հետ կապված։
Զոհրաբ Մնացականյան․ Նորից կրկնեմ, մենք երրորդ կողմ ենք այս բանակցություններում, և հարցն առաջին հերթին վերաբերում է Եվրամիության հետևողականությանը։