Հրապարակվել են Փաշինյանի ներկայացրած 100 փաստերը նոր Հայաստանի մասին
Հարգելի լրագրողներ,
հարգելի գործընկերներ,
սիրելի հայրենակիցներ
Այսօր լրանում է իմ վարչապետ ընտրվելու մեկ տարին, և ես ուրախ եմ, որ առիթ ունեմ ամփոփելու այսպիսի ֆորմատով այդ մեկ տարին: Ասուլիսի մեկնարկին ուզում եմ պարզապես 100 փաստ հրապարակել Նոր Հայաստանի մասին: Իհարկե, այս փաստերն սպառիչ չեն: Մենք կարող էինք նաև 200 փաստ հրապարակել, նաև ավելի փաստ հրապարակել, բայց նաև հասկանում ենք, որ պետք է որոշակիորեն սահմանափակվել, և ես հույս ունեմ, որ չեմ չարաշահի ձեր համբերությունը: Եվ այսպես.
1. Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էի, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավելի։ 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 տոկոսով կամ 64.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով: Ստվերի կրճատման արդյունքում 2018 թվականին համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 21,8 տոկոսը, ինչը 2017 թվականի համեմատ բարելավվել է 1,3 տոկոսային կետով:
2. Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 միլիարդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոս: Սա որ դեպքն է: Դուք գիտեք՝ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում քննարկման առարկա է եղել այն, որ Պետական եկամուտների կոմիտեն, հարկային մարմինները գերավճարներ են պահանջում տնտեսվարողներից: Եվ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ այդ պարտքը եղել է մոտավորապես 130 միլիարդ: Այսինքն՝ բիզնեսը 130 մլրդ ավելի փող է վճարած եղել առանց դրա պարտավորությունն ունենալու: Եվ իշխանափոխությունից, հեղափոխությունից հետո Պետական եկամուտների կոմիտեն, հարկային մարմիններն ընդունել են հաշվետվություն բիզնեսից, գործարարներից, բայց դրա դիմաց փող չեն գանձել: Այլ ընդհակառակը՝ այդ վճարումները չեն վերցրել և 120 մլրդ դրամի պարտավորություն մարվել է, ինչը նշանակում է, որ այս ընթացքում միայն այս հոդվածով կառավարությունը մոտավորապես 300 մլն դոլար վերադարձրել է բիզնեսին:
3. Հեղափոխությունից հետո ավելացված արժեքի հարկի գծով շուրջ 15 մլրդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ: Այսինքն՝ 15 մլրդ էլ այստեղ ենք վերադարձրել բիզնեսին:
4. Հեղափոխությունից հետո նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 82 մլն հատ հսկիչ դրամարկղային կտրոն ավելի, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ։ Երբ ասում ենք նախորդ ժամանակաշրջան, պետք է հաշվի առնել մայիսից մայիս ընկած ժամանակահատվածը:
5. Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին տրվում են 60 հազար դրամով՝ հնարավորություն տալով նաև դրանք ձեռք բերել տարաժամկետ վճարումով: ՀԴՄ-ների ներմուծման և իրացման շուկայի ազատականացման արդյունքում «ՀԴՄ ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2019թ. նոյեմբերի 1-ից իրականացնելու է միայն սահմանամերձ գյուղական բնակավայրերում հաշվառված ՀԴՄ-ների անհատույց տրամադրումը և անվճար հիմունքներով տեխնիկական սպասարկումը: Այս շուկայում հայտնվել է երկու նոր ընկերություն:
6. 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից՝ որոշ մասը ենթադրաբար նոր ստեղծված աշխատատեղեր են:
7. Հաշվի առնելով մեքենաների ներմուծման աննախադեպ աճի տեմպերը, ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսուհետ հնարավոր է մեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում, որոնք այլևս աշխատում են առանց ընդմիջման ժամերի: Մշակվել և ՊԵԿ պաշտոնական կայքէջում ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների արժեքների էլեկտրոնային հաշվիչը, ինչը հնարավորություն է ընձեռել, որ ցանկացած անձի նախապես ծանոթանալ ավտոմեքենաների արժեքների վերաբերյալ մաքսային մարմինների տիրապետած տեղեկատվությանը: Այսինքն՝ քաղաքացին իր մեքենայի տվյալները գրում է և այնտեղ մոտավորապես տալիս է հաշվիչը, թե ինքն ինչքան մաքսատուրք պետք է վճարի:
8. Այս տարի հուլիսի 1-ից կբարձրանան զինվորականների աշխատավարձերը, սեպտեմբերի 1-ից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը։ Ընդ որում՝ զինվորական շարքային-պայմանագրային կազմի աշխատավարձը կբարձրանա շուրջ 20 տոկոսով, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինվորների աշխատավարձը՝ շուրջ 30 տոկոսով։ Կբարձրանա նաև ժամկետային զինվորական ծառայողների դրամային բավարարման չափը։
9. Պահուստային ֆոնդից 5.7 միլիարդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար, ընդ որում մարզերում բնակվող շահառուների նկատմամբ պետության ունեցած բնակարային պարտավորությունները լրիվ կկատարվեն։ Այդ պարտավորությունները մասամբ կկատարվեն նաև Երևանում բնակվող շահառուների համար:
10. Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը։ Նրանք փոխարինվել են պայմանագրայիններով։ Ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությանը և ունեն իրենց պահպանության տեղամասը:
11. Սահմանապահ 47 մարտական դիրքեր ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ։ Շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով։ Առաջիկայում սառնարաններով կապահովվեն ևս 45 մարտական դիրք։ Շուրջ 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել է 136 նոր ժամանակակից տեսադիտարկման սարք: Գործընթացը շարունակվում է:
12. Զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում էական փոփոխությունների է ենթարկվել զորամասերի և մարտական դիրքերի սննդակարգը, որում ներառվել է լավաշ, արևածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի լոլիկ և վարունգ։ Առաջիկայում կտրվի նաև մեղր, խոզի ճարպ, սխտոր, սև պղպեղ, կարմիր պղպեղ, պահածոյացված կարտոֆիլ, մակարոն և այլն։
13. Ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ շապիկներով և կիսավարտիքներով։ Առաջիկայում էական փոփոխության կենթարկվի զինվորականներին տրվող հագուստի, կոշիկի որակը։ Ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոսներ և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ: Իմիջայլոց, այս հեռախոսների հետ կապված գրում էին, որ իր տղան բանակում է, դրա համար են զինվորներին հեռախոս տվել: Այսինքն՝ վարչապետի որդին այն միակ զինվորն էր, որ հեռախոսով զանգելու պրոբլեմ պիտի ունենար և դրա համար բոլոր զինվորների հարցերը լուծվեցին:
14. Հայաստանը սկսել է СУ30СМ բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց: Սա հրապարակում եմ, որովհետև հայտնի փաստ է արդեն: Այլ սպառազինությունների և տեխնիկայի ձեռքբերման մասին տեղեկություններ չեմ կարող հրապարակել:
15. Զինծառայողների ապահովագրության 1000 դրամների հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաև 2008-2016 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Արդյունքում ևս 339 շահառուներ ամսական կստանան 100-400 հազար դրամ փոխհատուցում: Հեղափոխությունից առաջ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2016 թ. դեկտեմբերի 30-ից հետո տեղի ունեցած դեպքերը:
16. 410 բնակարաններ սեփականության իրավունքով ահատույց տրամադրվել են զինծառայողններին և զոհված զինծառայողների ընտանիքներին։ Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու փոխհատուցման գումարների չափը բարձրացվել է միջինը 24 տոկոսով: 107 զինծառայողների նորակառույց շենքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են բնակարաններ:
17. Կուտակային կենսաթոշակի համակարգում 2018թ. հուլիսի 1-ից կատարված փոփոխությունների արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձը բարձրացել է. ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում:
18. 85 հազար թոշակառու-նպաստառուների թոշակը բարձրացվել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար:
19. Ի հեճուկս ստորագրված պայմանագրի՝ խմելու ջրի սակագինը չի բարձրացել կառավարության վարած բանակցությունների արդյունքում: Սոցիալապես անապահով խավերի համար սահմանված քվոտայով 20 և 10 դրամով էժանացել են բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագները:
20. 2018 թվականի հուլիսի 1-ից, այնուհետև 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացվել են առաջնային օղակի ավելի քանի 10.000 բուժաշխատողի աշխատավարձերը՝ գրեթե 30 տոկոսով: Երևանի ու մարզերի բոլոր պետական առաջնային օղակի 15 000 բուժաշխատողներ ներառվել են սոցիալական փաթեթում և կօգտվեն առողջապահական բաղադրիչից:
21. Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը: Պետական տնտեսագիտական համալսարանում հրավիրյալ դասախոսների ժամավճարը աճել է 3 անգամ։ Ընդհանուր առմամբ ավելացել է թվով շուրջ 2600 դասախոսների աշխատավարձ:
22. Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի շուրջ 1650 աշխատակիցների աշխատավարձ բարձրացել է միջինը 16 տոկոսով, մայիս ամսին կբարձրանա Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձը՝ միջինը 27 տոկոսով:
23. Բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում միջինը 40 տոկոսով, որոշ դեպքերում՝ 100 տոկոսով բարձրացվել են շուրջ 530 աշխատակիցների աշխատավարձերը: «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վերազինվել է եղանակի ստացման համակարգը, 30 տոկոսով բարձրացվել է թվով 39 աշխատակիցների աշխատավարձերը, 2017թ. համեմատ 100 տոկոսով աճել է շահութաբերությունը: «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված բարեփոխումների արդյունքում միջինում 10,7 տոկոսով բարձրացվել է 148 աշխատակցի աշխատավարձը: Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում խնայողությունների հաշվին 1722 ուսուցչի և տնտեսական աշխատողների աշխատավարձը բարձրացել է 6-15 տոկոսով: Արմավիրի մարզի մանկապարտեզներում և ՊՈԱԿ-ներում, Արմավիր քաղաքի մոտավորապես 485 աշխատողների աշխատավարձն ավելացել է միջինը 10 տոկոսով: Եվ այսպես տարբեր տեղային հատվածներում, ես չեմ ուզում ամբողջական ցանկը հրապարակել, տեղի են ունեցել աշխատավարձերի բարձրացում:
24. Ներդրվել է ՀՀ ոստիկանության ծառայողների աշխատանքի վարձատրության բնագավառում նոր՝ ամսական պարգևատրումների համակարգ, որի արդյունքում 2019թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների համար վճարվել է պաշտոնային դրույքաչափերի, համապատասխանաբար, ըստ ամիսների՝ 27.7 տոկոսի, 25.08 տոկոսի և 25.03 տոկոսի չափերով պարգևավճար: Ներդրվել է աշխատանքի արդյունավետության գնահատման նոր համակարգ, համաձայն որի հանցագործությունների բացահայտման և կանխարգելման գործում արդյունավետ ակտիվություն ցուցաբերած ոստիկանները կարող են ստանալ իրենց ամսական աշխատավարձը երկու, երեք անգամ գերազանցող պարգևավճարներ: Այսինքն՝ մի ամսում մարդը կարող է իր ակտիվության արդյունավետության արդյուքնում իր աշխատավարձը 3 անգամ գերազանցող պարգևավճար ստանալ: Ես այս կետը հատուկ եմ շեշտում, որովհետև նաև դեռ Հանրապետության հրապարակում ոստիկանությանը խոստացել եմ, որ նրանց աշխատավարձերը շոշափելիորեն կաճեն: ԱԱԾ-ում աշխատավարձերն աճել են 30 տոկոսով: Պետական կառավարման մարմիններում տեղի է ունեցել վճարումների ավելացում՝ նաև ձեզ հայտնի պարգևատրումների միջոցով:
25. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկրորդ երեխայի ծնվելու դեպքում եռապատկվել է՝ 50 000-ի փոխարեն դառնալով 150 000 դրամ:
Մանրամասներըՙ կառավարության կայքումՙ http://www.primeminister.am/hy/interviews-and-press-conferences/item/2019/05/08/Nikol-Pashinyan-Press-Conference/?fbclid=IwAR3jHakiokKIkNHsibQZC2-AkXwedgBNCHjR_FKTCuVz6a2Z-k4VmqHJpgc#prettyPhoto