ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոնստանտին Օրբելյանը Ռիտա Սարգսյանի միջնորդությա՞մբ էր նշանակվել
Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձավ իր՝ աշխատանքից ազատման աղմկահարույց հարցին։
«Ես պետք է շարունակեմ զբաղվել թատրոնով և կատարեմ այն պարտականությունը, որ ունեմ թատրոնի առաջ: Մենք հանձն ենք առել անել ավելին, մեծ ծրագրեր կան և չեմ ուզում դրանք ընդհատել, ուղղակի հասկանում եմ, որ այս աժիոտաժն առաջացել է վատ ինֆորմացիայի հետևանքով, իմ լեգիտիմ լինել-չլինելու հարցն իմ խնդիրը չէ»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այսինքն՝ սկզբունքայի՞ն չէ տնօրենի պաշտոնը, Օրբելյանը նշեց, որ թատրոնի գլխավոր անձը պետք է լինի գեղարվեստական ղեկավարը և բոլորը պետք է ենթարկվեն նրան, իսկ տնօրենը մաքուր արարողական գործառույթ է, ստորագրում է փաստաթղթեր, զբաղվում է այլ ադմինիստրատիվ աշխատանքներով։
«Ուղղակի չհասկացվածության խնդիր կա և Նազելի Ղարիբյանը որոշել է, որ ես լեգիտիմ չեմ նշանակվել: Ասում են, որ ձեզ նախկին նախարար Արմեն Ամիրյանն է նշանակել, ես էլ ասում եմ, ուրեմն ձեր խնդիրը իշխանության հետ է, դատի տվեք ղեկավարությանը, հասկանալու՝ լեգիտի՞մ է, թե՞ ոչ, բայց իմ պայմանագիրը լեգիտիմ է, որովհետև ես չեմ խնդրել, որ որևէ մեկն ինձ լավություն անի և դա անօրինական կերպով լինի: Իմ ինչի՞ն է դա պետք, ես չեմ խնդրել, որ ինձ նշանակեն այդ պաշտոնին, դա չի եղել իմ կյանքի նպատակը, ես ընդամենը փորձել եմ իրավիճակը փրկել և ինչ-որ բան աշխատեմ՝ անեմ»,-ասաց նա և հավելեց, որ նկատելի է, որ Ղարիբյանը վատ խորհրդատուներ ունի:
Օրբելյանը նշեց, որ մտադիր չէ հեռանալ, թեև իրենք այս ընթացքում դրան էին ձգտում:
Ինչ վերաբերում է կուտակված հսկայական պարտքերին, մաեստրոն ասաց, որ դրանք կուտակվել են իր պաշտոնավարումից առաջ՝ 14, 15, 16թթ-ին, որի մասին նաև Նազելի Ղարիբյանն է ասել, և ինքը բոլոր այս նոր բեմադրությունները և հսկայական ծախսերը արել է իր և իր ջանքերով գտած հովանավորների միջոցով, նաև բանկի միջոցով, նոր պարտքեր չի կուտակել, ընդհակառակը, քիչ-քիչ նախորդների թողած պարտքերն է փորձում մարել:
Իր պաշտոնի շարունակման հետ կապված 13 կետից բաղկացած հիմնավորում է ներկայացրել վարչապետին, ով էլ ասել է, որ եթե նույնիսկ մեկ կետը հիմնավոր չլինի, իսկ այնտեղ, ցավոք, բոլոր կետերը ոչ այդքան հիմնավոր են, հետո արդեն կորոշեն ինչպես աշխատել:
Իսկ այն հարցին, թե քանի որ նա նախկին իշխանության, մասնավորապես նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի կողմից է նշանակել, և դա է դրդապատճառը եղել, Օրբելյանը նշեց, որ ինքը չի առաջադրվել նախարարության կողմից, այլ առաջադրվել է, որովհետև ինքը Կոնստանտին Օրբելյանն է: «Ես չեմ նշանակվել ընկերաբար, այլ ծառայողությունից ելնելով»,-ասաց նա:
Տեսանյութը՝ News. am-ի։