Լոռիում հնչած կրակոցների դեպքով քրգործ է հարուցվել. տուժածներից 3-ը եղբայրներ են
2019 թվականի մարտի 23-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկում կենցաղային հարցի շուրջ առաջացած անհամաձայնության պատճառով մի խումբ անձինք կրակոցներ են արձակել նույն գյուղի բնակիչների ուղղությամբ, ինչպես նաեւ՝ փայտով, ձեռքերով ու ոտքերով հարվածել նրանց: Միջադեպի արդյունքում, հրազենային մարմնական վնասվածքներով, Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք անձ: Բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ նշված անձանցից մեկի մոտ ախտորոշվել է ձախ թիակի ու ծոծրակային շրջանների հրազենային, երկրորդի մոտ՝ գլխի շրջանի հրազենային եւ գլխուղեղի արյունազեղում, իսկ երրորդի մոտ՝ աջ դաստակի հրազենային թափանցող վնասվածքներ: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերի եւ 235-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: 7 անձ ճանաչվել է տուժող: Ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը: Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տուժողներից երեքը եղբայրներ են, իսկ մյուս չորսը՝ նույնպես ազգակցական կապերի մեջ են գտնվում վերջիններիս հետ: Ըստ քննության տվյալների՝ վիճաբանող մյուս կողմի մասնակիցներն էլ միմյանց հետ են ազգակցական կապերի մեջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական եւ այլն: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Քաղաքականություն