Ով է ֆինանսների նախարարի նոր թեկնածուն. նորից հին «դարբնոցից է». 168ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ Ֆինանսների նախարարի թեկնածուի շուրջ իշխանական ուժի որոնումները դարձյալ կանգ են առել նախկին կառավարության պաշտոնյաներից մեկի վրա:
Ֆինանսների նախարարի պաշտոնում դիտարկվում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղակալ Վախթանգ Միրումյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է կառավարությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրը:
Վախթանգ Միրումյանի թեկնածությունն առաջ է քաշվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի կողմից, իսկ թեկնածուի հետ հանդիպման նախաձեռնությունն իր վրա է վերցրել կառավարության ներկայացուցչական դեմքերից մեկը: Բացառված չէ, որ Վախթանգ Միրումյանին հանդիպման հրավերն արվել է հենց Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Ի դեպ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միակն է գործող իշխանության մեջ, ով անձնական հին կապեր ունի նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եւ չճշտված տեղեկությունների համաձայն՝ ժամանակ առ ժամանակ դիմում է, անկաշկանդ շփումներ է ունենում նախկին իշխանության որոշ անդամների հետ, խորհրդակցում է աշխատանքային հարցերի շուրջ:
Միրումյանի հետ հանդիպման մանրամասներին մեր աղբյուրը չէր տիրապետում: Հանդիպման արդյունքների մասին փորձեցինք տեղեկանալ անձամբ իրենից՝ Վ. Միրումյանից, սակայն նրա հեռախոսն անջատված էր, իսկ «Գազպրոմ Արմենիայի» գրասենյակում նրան գտնել չհաջողվեց:
Հիշեցնենք, օրեր առաջ «168 ժամ»-ը գրել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի փոխարինող գտնելու իշխանության տրամադրվածության եւ պատճառների մասին: Փաստորեն հայտնաբերված միակ թեկնածուն, որի անվան շուրջ քննարկում է ծավալվում Փաշինյանի ղեկավարած կառավարության ներսում, նորից հին «դարբնոցից է»:
Հիշեցնենք, որ «թավշյա» հեղափոխությունից հետո ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, Ֆինանսների նախկին փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղափոխվել էր ամենախոշոր հարկատուներից մեկի մոտ՝ նշանակվելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում՝ կոմերցիայի եւ արտաքին կապերի գծով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում