Մեկ ամսվա ընթացքում սնունդը թանկացել է 4.2 տոկոսով. «Ժողովուրդ»
«Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տարեսկզբին Հայաստանում գնաճը շատ քիչ է եղել: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ գնաճը հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդամենը 0.6 տոկոս է կազմել: Իսկ ահա 2018թ. դեկտեմբերի համեմատ այս տարվա հունվարին գնաճը հասել է 1.7 տոկոսի: Մեկ ամսվա ընթացքում հիմնականում թանկացել է սնունդը՝ 4.2 տոկոսով, մյուս ոլորտներում իրավիճակն առավել մեղմ է՝ կա՛մ գնանկում է արձանագրվել կամ գնաճը 1 տոկոսի չափով է: Կտրուկ թանկացել է կարտոֆիլը՝ 15.1 տոկոսով, խոսքն այն մթերքի մասին է, որը ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը համարում էր աղքատների ուտելիք՝ խորհուրդ տալով բավարարվել դրանով:
28.8 տոկոսով դեկտեմբերի համեմատ թանկացել են բանջարեղենը, 6.7 տոկոսով՝ մրգերը, 38.6 տոկոսով՝ տերևավոր ու ցողունավոր բանջարեղենը: Թանկացել է գառան միսը՝ 3.8 տոկոս, իսկ խոզի մսի գինը նվազել է 0.8 տոկոսով: Թեև քիչ, 0.4 տոկոսով, սակայն թանկացել է մակարոնեղենը, իսկ հացի գինը 0.6 տոկոսով է ավելացել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում