Երևան-Թբիլիսի երթուղու տնտեսվարողը երթուղին չի սպասարկել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել «Սոնա և Միքայել» ՍՊԸ-ից «Երևան-Թբիլիսի-Երևան» միջպետական երթուղիով իրականացվող ուղևորափոխադրումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, դիմումատուն նշել է, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից 2017 թվականի մարտի 3-ին հայտարարվել է մրցույթ` «Երևան-Թբիլիսի-Երևան» երթուղին Երևանի հյուսիսային ավտոկայարանից միկրոավտոբուսով սպասարկելու համար:
Մրցույթում հաղթող է ճանաչվել «Երկու ընկեր» ընկերությունը, որը նույն երթուղին սպասարկում է նաև Երևանի կենտրոնական ավտոկայարանից: Դիմումատուն հայտնել է, որ «Երկու ընկեր» ՍՊ ընկերությունը մրցույթը հաղթելուց ի վեր ոչ մի օր Երևանի հյուսիսային ավտոկայարանից ուղևորափոխադրում չի իրականացրել: Այսինքն, «Երկու ընկերը» մասնակցել է մրցույթին՝ փաստացի ճանաչվելով հաղթող, սակայն երթուղին չի սպասարկել՝ վնաս պատճառելով թե՛ ուղևորներին և թե՛ մրցակից ընկերությանը, որը իսկ իր խոսքով դուրս է մղվել շուկայից:
Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ մրցույթում հաղթող է ճանաչվել «Երկու ընկեր» ՍՊ ընկերությունը` սպասարկման երեք տարի ժամկետով և մեկ ուղևորի համար 6500 դրամ փոխադրավարձով:
Երթուղին Երևանի կենտրոնական ավտոկայարանից սպասարկելու համար ևս որպես հայկական փոխադրող հաղթող է ճանաչվել նույն ընկերությունը` սպասարկման երկու տարի ժամկետով և մեկ ուղևորի համար 6500 դրամ փոխադրավարձով:
Սակայն հետագայում «Երկու ընկեր» ՍՊԸ-ն ինքնակամ որոշել է ուղևորափոխադրումները իրականացնել միայն մեկ՝ Կենտրոնական ավտոկայարանից: Ստացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ 2017 թվականի ապրիլից 2018 թվականի հոկտեմբերը ներառյալ, ընկերությունը Երևանի հյուսիսային ավտոկայարանից որևէ չվերթ չի իրականացրել:
Բացի այդ, Երևանի կենտրոնական ավտոկայարանից Թբիլիսի ուղղությամբ ուղևորափոխադրում է իրականացրել այն տրանսպորտային միջոցներով, որոնք պետք է սպասարկեին երթուղին Երևանի հյուսիսային ավտոկայարանից: Այս հանգամանքը ևս խիստ խնդրահարույց է, քանի որ համաձայն ՀՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին որոշման, փոխադրողի ընտրության մրցույթի ժամանակ հատուկ չափանիշներով գնահատվում են նաև տրանսպորտային միջոցները:
Փաստացի, «Երկու ընկեր» ընկերությունը երթուղին Երևանի կենտրոնական ավտոկայարանից սպասարկելու համար կայացած մրցույթում հաղթել է՝ ներկայացնելով որոշակի տրանսպորտային միջոցներ, բայց ուղևորափոխադրումներն իրականացրել է բոլորովին այլ միկրոավտոբուսներով, ինչի իրավունքը չուներ: Այս հանգամանքը կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության խաթարման: Խնդիրն այն է, որ նույն մրցույթին մասնակցած և չհաղթած «Սոնա և Միքայել» ընկերության տրանսպորտային միջոցները ավելի քիչ միավոր են հավաքել, քան «Երկու Ընկեր» ՍՊ ընկերության կողմից առաջադրված այն տրանսպորտային միջոցները, որոնք հետագայում տվյալ մրցույթի շրջանակներում փաստացի չեն շահագործվել:
Այսպիսով ստացվում է, որ «Երկու Ընկեր» ՍՊ ընկերությունը հաղթող ճանաչվելով Երևան-Թբիլիսի-Երևան երթուղին Երևանի հյուսիսային ավտոկայարանից սպասարկելու համար, այդպես էլ փաստացի չվերթ չի իրականացրել, բացի այդ, մի մրցույթում հաղթող ճանաչված տրանսպորտային միջոցն օգտագործել է այլ ավտոկայարանից երթուղին սպասարկելու համար, ինչը կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակման և այլ ընկերությունների շուկայից դուրս մղման: Հավելենք նաև, որ նույն մրցույթում մրցակից ընկերությունը առաջարկել է սպառողների համար ավելի շահավետ գին՝ 4500 դրամ՝ 6500-ի փոխարեն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեև բարձրացված խնդիրը անուղղակիորեն բացասաբար է անդրադառնում մրցակցային իրավիճակի վրա, սակայն դրա կարգավորումը գտնվում է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիազորությունների շրջանակում, ուստի ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրները կներկայացվեն նախարարություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: