Քաղաքականություն

Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջնահերթությունների և իր որոշման մասին

Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջնահերթությունների և իր որոշման մասին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանը խորհրդարանում ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները՝ միաժամանակ հայտարարելով, ո�…

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանը խորհրդարանում ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները՝ միաժամանակ հայտարարելով, որ որոշել է այլևս չվերադառնալ փաստաբանական գործունեությանը։


Վարդևանյանի խոսքով՝ ընդդիմադիր խմբակցությունը որոշել է ստանձնել Սահմանադրությամբ իրեն վերապահված պատասխանատվությունը և մասնակցել Ազգային ժողովի ամբողջական ձևավորման գործընթացին։


«Եկել ենք այն եզրահանգման, որ պետք է ստանձնենք այդ պատասխանատվությունը»,- նշել է նա։


Թեկնածուն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի ընդհանուր նպատակը պետք է լինի ուժեղ պետություն կառուցելը, սակայն հավելել է, որ ընդդիմությունն ունի լուրջ մտահոգություններ երկրի զարգացման ուղղության, ազգային ինքնության պահպանման և իրավական համակարգում առկա խնդիրների վերաբերյալ։


Վարդևանյանն անդրադարձել է նաև խափանման միջոցների կիրառման պրակտիկային՝ պնդելով, որ կալանքը հաճախ կիրառվում է այն դեպքերում, երբ հնարավոր է օգտագործել ավելի մեղմ միջոցներ՝ տնային կալանք, վարչական հսկողություն կամ գրավ։


Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական վերահսկողության գործիքները, ինչպես նաև ուժեղացնել խորհրդարանի դերը արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության ոլորտում։


Վարդևանյանը նաև առաջարկել է փոխել ընդդիմության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների քննարկման մոտեցումը, որպեսզի դրանք մշտական հանձնաժողովներում մերժվելու փոխարեն հասնեն Ազգային ժողովի լիագումար նիստերի քննարկմանը։


Բացի այդ, նա առաջարկել է ընդդիմությունից ընտրված ԱԺ նախագահի տեղակալին Վենետիկի հանձնաժողով դիմելու լիազորություն տրամադրել՝ միջազգային փորձագիտական կարծիք ստանալու նպատակով այն նախագծերի վերաբերյալ, որոնք իշխանությունները չեն ուղարկի հանձնաժողով։


Թեկնածուն վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում նիստերը կվարի անաչառ՝ բոլոր պատգամավորների նկատմամբ ցուցաբերելով հավասար վերաբերմունք։


Խորհրդարանում ունեցած ելույթից հետո Վարդևանյանը հայտարարել է նաև, որ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը։


«Որոշել եմ, որ փաստաբանական գործունեությանը վերադարձ չեմ իրականացնելու։ Սա ճանապարհ է, որը պետք է անցնեմ, անցնելու եմ»,- ասել է նա։


Վարդևանյանի խոսքով՝ այդ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից ստացել է քաղաքական թիմին միանալու առաջարկ։


«Գիտակցեցի, որ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ունի բացառիկ տեսլական Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»,- նշել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250