Ռուսաստանում հայկական կոնյակի վաճառքը կտրուկ նվազել է
2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանում հայկական կոնյակի և չփրփրուն գինու մանրածախ վաճառքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 11–12%-ով։ Այս մասին հայտնում է «Коммерсант»-ը՝ վկայակոչելով շուկայի մասնակիցների տվյալները։
Հայկական կոնյակի վաճառքները նվազել են 12,2%-ով՝ կազմելով 1,37 մլն դեկալիտր։ Ռուսական կոնյակի շուկայում Հայաստանի մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում նվազել է 1,7 տոկոսային կետով և հասել 20%-ի։
Հայկական չփրփրուն գինու վաճառքները նվազել են 11,8%-ով՝ մինչև 239,65 հազար դեկալիտր։ Միայն հունիսին անկումը տարեկան կտրվածքով կազմել է 18,9%։ Ռուսաստանում չփրփրուն գինու ընդհանուր վաճառքներում հայկական արտադրանքի մասնաբաժինը չի գերազանցում 1%-ը։
Հայկական ալկոհոլային արտադրանքի վաճառքներն ավելի արագ են նվազել, քան ռուսական շուկան ընդհանուր առմամբ։ Հաշվետու ժամանակահատվածում կոնյակի ընդհանուր վաճառքները Ռուսաստանում կրճատվել են 4,6%-ով, իսկ չփրփրուն գինու վաճառքները՝ 3,7%-ով։
Շուկայի մասնակիցները անկումը կապում են մի քանի գործոնների հետ։ Մայիսին Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել էր հայկական երեք արտադրողի՝ «Վեդի-Ալկո»-ի, Աբովյանի կոնյակի գործարանի և «Շահնազարյան» գինու-կոնյակի տան որոշ ապրանքների վաճառքը։
Բացի այդ, ռուսական մի շարք ներմուծողներ և դիստրիբյուտորներ, մտավախություն ունենալով նոր սահմանափակումներից, սկսել են կրճատել հայկական արտադրանքի գնումները։ Վաճառքների վրա ազդել է նաև գների աճը․ հունվարից առնվազն երեք տարի հնեցված հումքից պատրաստված կոնյակի և վիսկիի նվազագույն մանրածախ գինը բարձրացել է 16%-ով՝ հասնելով 755 ռուբլու։
«Коммерсант»-ի զրուցակիցների գնահատմամբ՝ գների բարձրացման պատճառով գնորդների մի մասը հայկական զանգվածային կոնյակից անցնում է ավելի ճանաչված ապրանքանիշերի կամ այլ տեսակի թունդ ալկոհոլային խմիչքների։