Մոսկվայից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը․ սա հանդուգն և ապակառուցողական քայլ է
Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի մասով Ռուսաստանի նկատմամբ հնարավոր ֆինանսական պահանջների վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հանդուգն և ապակառուցողական քայլ է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան («Արդար Ռուսաստան» կուսակցություն):
Ավելի վաղ Փաշինյանը չէր բացառել Ռուսական երկաթուղիների կոնցեսիայում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շահագործման հարցով արբիտրաժ դիմելու հնարավորությունը:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի համար Ռուսաստանից 2 միլիարդ դոլարի հնարավոր պահանջի մասին ոչ այլ ինչ է, քան հանդուգն և ապակառուցողական քայլ, որը ստվեր է գցում երկկողմ հարաբերությունների վրա և մատնանշում Հայաստանում ներքին ճգնաժամը»,-ասել է Չեպան:
Նրա խոսքով՝ նման սպառնալիքները, որոնք փաթեթավորվում են որպես «բարեկամական կարգավորում», չեն կարող Մոսկվայի կողմից ընկալվել այլ կերպ, քան ճնշման և պայմանավորվածությունների վերանայման փորձ:
2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով հանձնվեց ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանը՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով: