ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկը ի՞նչ կապ ունի այստեղ․ Արսեն Թորոսյանը՝ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասին
ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք կուսակցությունում քննարկվելու է տեղի ունեցածի պատճառով որևէ կարգապահական հարց, այդ թվում՝ Հայկ Կոնջորյանի պաշտոնավարման կամ կուսակցական պատասխանատվության թեման։
Արսեն Թորոսյանը նշել է, որ հարցին պետք է մոտենալ երկու տեսանկյունից՝ իրավական և կուսակցական։
«Ես, իհարկե, տեսել եմ մամուլի հրապարակումները։ Նախ՝ իրավական, քրեաիրավական տեսանկյունից մեր իրավապահ մարմինները պետք է պարզեն՝ ինչ է տեղի ունեցել, և եթե կան մեղավորներ, ապա օրենքով սահմանված կարգով պետք է պատասխանատվության ենթարկվեն»,– ասել է նա։
Պատգամավորը նշել է, որ կուսակցությունում կան համապատասխան մեխանիզմներ, որոնք գործում են նաև նման իրավիճակներում։
«Ցավոք, եղել են դեպքեր, երբ մենք կուսակցությունից մարդկանց հեռացրել ենք տարբեր պատճառներով։ Եթե որևէ կուսակցական խախտել է մեր կանոնադրությունը կամ էթիկայի կանոնները, այդ հարցերը քննարկվում են համապատասխան ընթացակարգերով»,– նշել է Թորոսյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայկ Կոնջորյանը պետք է պատասխանատվություն կրի իր եղբոր արարքի համար, Թորոսյանն ասել է, որ պետք չէ մարդկանց մեղավորության կանխավարկածով գնահատել։
«Հայկը ինչ կապ ունի այստեղ։ Բազմաթիվ մարդիկ ունեն բարեկամներ, հարազատներ, ընկերներ։ Եթե որևէ մեկը հանցանք է գործել կամ նրա նկատմամբ է հանցանք գործվել, պետք է լինի համապատասխան իրավական գործընթաց»,– նշել է նա։
Թորոսյանը հավելել է, որ միայն այն հանգամանքը, որ մարդիկ ազգանունով կամ բարեկամական կապով կապված են, չի կարող հիմք լինել մեկ ուրիշին պատասխանատվության ենթարկելու համար։
«Եթե հետագայում պարզվի, որ որևէ կուսակցական խախտել է կուսակցության կանոնադրությունը կամ էթիկայի կանոնները, այդ ժամանակ կլինեն համապատասխան որոշումներ»,– ասել է նա։
Թորոսյանը հավելել է նաև, որ չգիտի նրանց եղբայրական կապի մասին.
«Այն չպետք է քննարկման առարկա դառնա, բայց հիմա օդից ենթադրություններ ենք անում, որ այդ մարդկանց ազգանունները նույնն են իրենք էլ իրար հետ բարեկամ են, նույնիսկ չգիտեմ էլ ինչ եղբայր են, անկեղծ ասած, ես Ավետին առանձին գիտեմ»:
Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ արդյոք Հայկ Կոնջորյանի՝ խմբակցության ղեկավարի պաշտոնում մնալու հարցը կքննարկվի։
Թորոսյանը պատասխանել է, որ չի հասկանում՝ ինչպես են այդ հարցերը կապվում իրար հետ։
«Կա քրեաիրավական գործընթաց։ Եթե որևէ մեկը մեղավոր լինի, քննիչները, դատախազները, դատարանը կլուծեն այդ հարցը։ Կուսակցական մասով էլ, եթե լինի որևէ խախտում, կլինի համապատասխան գործընթաց»,– ասել է նա։
Թորոսյանը նաև նշել է, որ բռնության ցանկացած դեպք անընդունելի է։
«Ինձ համար ցանկացած բռնություն կամ էթիկայի կանոնագրքի խախտում ընդունելի չէ»,– ասել է պատգամավորը։
Միաժամանակ, լրագրողները փորձել են հարցեր ուղղել նաև Հայկ Կոնջորյանին, սակայն նա հրաժարվել է պատասխանել՝ ասելով․ «Բավարարվեք այսքանով»։