Հասարակություն

Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են. Hetq.am

Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են. Hetq.am

Մարիամ Մանուկյանը, ներկայանալով որպես զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձ, շուկայականից էժան գներով արտերկրյա ուղևորությունների փաթեթներ է առաջարկել քաղաքացիներին և վերցրել նրանց գումարները, սակայն խոստացված ծառայությունները չի մատուցել:


Զինաիդա Վարդպարոնյանը 2026 թվականի մայիսի 9-ին Մարիամ Մանուկյանից դեպի Եգիպտոս տուրիստական փաթեթ է գնել։ Նա այդ մասին իմացել է իր մատնահարդար ընկերուհուց, որի հաճախորդն է Մարիամ Մանուկյանը։ Զինաիդայի փոխանցմամբ՝ Մարիամն ասել է, որ զբոսաշրջային ծառայություններ է մատուցում և առաջարկել արտերկրի ուղևորությունների փաթեթներ՝ շուկայականից զգալիորեն մատչելի գներով։


«Ընկերուհիս առաջինն էր իրենից փաթեթ պատվիրել։ Ասում էր՝ սկզբում կանխավճարն են փոխանցում, հետո՝ տոմսերը ստանալուց առաջ, մնացած գումարը։ Երբ տեսա, որ ինքը պատվիրել է, ես էլ խնդրեցի Մարիամի հեռախոսահամարը, որովհետև ուզում էի Եգիպտոս մեկնել»,- պատմում է Զինաիդան։


Մարիամ Մանուկյանը նրան տարբեր առաջարկներ է ուղարկել, որոնք մոտ 30 տոկոսով ավելի մատչելի են եղել, քան այլ ընկերությունների առաջարկները։ Զինաիդան ընտրել է տարբերակներից մեկը և 2026 թվականի մայիսի 9-ին փոխանցել է 50 000 դրամ կանխավճար, օրեր անց՝ 182 000 դրամ՝ հյուրանոցի ամրագրման համար, հետո էլ փոխանցել է մնացած 235 հազար դրամը։ Ընդհանուր վճարել է 467 հազար դրամ։


«Ամբողջ գումարը փոխանցելուց հետո սպասում էի, որ կուղարկի տոմսերը, ամրագրումերը։ Բայց երկու օր էր՝ չէր պատասխանում ո՛չ զանգերին, ո՛չ հաղորդագրություններին։ Մեր ամբողջ նամակագրությունն ու փոխանցումների կտրոնները պահպանել եմ»,- ասում է նա։


Զինաիդան սկզբում մտածել է, թե պարզապես կապի խնդիր է, կամ Մարիամը քաղաքում չէ, բայց կասկածները հաստատվել են, երբ իրենց երրորդ ընկերուհին, որը նույնպես Մարիամ Մանուկյանի միջոցով ավիատոմս էր ձեռք բերել, հուլիսի 13-ին օդանավակայանում պարզել է, որ իր անունով որևէ ամրագրում կամ ավիատոմս գոյություն չունի, իր մոտ առկա ամեն ինչ կեղծ է, ու չի կարողացել մեկնել հանգստանալու։


Զինաիդայի և մյուս ընկերուհու տոմսերն օգոստոսի համար էին ամրագրված, նրանք հասկացել են, որ իրենք էլ չեն մեկնելու, քանի որ խաբեության զոհ են դարձել։


Զինաիդան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել այն մասին, որ տուրիստական փաթեթ է գնել և հետո պարզել, որ խաբվել է։ Նա գրառմամբ հորդորել է օգտատերերին զգուշանալ, բազմաթիվ քաղաքացիներ արձագանքել են գրառմանը, մարդիկ անձնական նամակներ և մեկնաբանություններ են գրել, պատմել, որ նույն կնոջ խաբեության զոհն են դարձել։


Լիլիթ Խլղաթյանը Զինաիդայի հրապարակման տակ մեկնաբանություն է թողել և պատմել, որ վիզայի դիմումների կենտրոնում՝ TLScontact-ում այցելության օր պետք է վերցներ։ Զինաիդան Լիլիթին ասել է, թե ամրագրումն արել է, բայց Լիլիթը զանգել է ու պարզել, որ իրենց անձնագրային տվյալներով օր չկա ամրագրված։


«Առաջին անգամ հետաձգեց մտնելը, իբր խնդիր է եղել, երկրորդ անգամ գնացինք, սպասեցինք ու պարզվեց, որ մեզ համար օր չկա, ոչ էլ կարող ենք մեր թղթերը ներկայացնել։ Արդյունքում կորցրինք նյարդեր, գումար ու պլանավորած ճանապարհորդություն։ Մեզ հետ մի ընտանիք էլ իր միջոցով պիտի մտներ թղթերի համար, իրենց ամբողջական փաթեթ էր վաճառել, վճարել էին 500,000 դրամ ու բոլոր թղթերը կեղծել էր՝ հյուրանոցի ամրագրումից սկսած, մինչև TLS-ի օրվա հաստատման մասով նամակը»,- պատմում է Լիլիթը։


Նրա խոսքով՝ Մարիամ Մանուկյանը մի քանի մարդկանց մոտ ներկայացել էր «Ջան Արմենիա» տուրիստական ընկերության անունից, բայց հետագայում պարզվել է, որ Մարիամ Մանուկյանը «Ջան Արմենիա» ընկերությանը նույնպես խաբել է՝ պատճառելով խոշոր չափերի ֆինանսական վնաս։


«Ջան Արմենիա» ընկերության փաստաբան Հայկ Հարությունյանի խոսքով՝ Կենտրոնի քննչական բաժնում քննվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության վերաբերյալ քրեական վարույթ, որով ընկերությունը ներգրավված է որպես տուժող։


Ըստ փաստաբանի՝ Մարիամ Մանուկյանի գործողությունների հետևանքով ընկերությանը պատճառվել է շուրջ 14 միլիոն դրամի վնաս։ «Ջան Արմենիան» սեփական միջոցներով ամբողջությամբ փոխհատուցել է իր հաճախորդների կրած վնասները՝ կատարելով նրանց նկատմամբ ստանձնած պարտավորությունները։


Մարիամ Մանուկյանը համագործակցել է «Ջան Արմենիա» ընկերության հետ, տուրիստական փաթեթներ վաճառել ու յուրացրել հաճախորդների գումարները։


Փաստաբանը նշեց, որ Մարիամ Մանուկյանը «Ջան Արմենիա» ընկերության աշխատակից չի համարվել, պարզապես համագործակցել է ընկերության, ինչպես նաև այլ տուրիստական կազմակերպությունների հետ։


Տուժածներից մեկն էլ Զինաիդային պատմել է, որ 10 տարի առաջ Մարիամից տոմս է գնել, հետո պարզվել է, որ ամրագրում չկա, դիմել է ոստիկանություն, բայց իրավապահ մարմինները գործին ընթացք չեն տվել։ Նախկինում տուժածներից մեկը Զինաիդային է փոխանցել Մարիամի տան հասցեն։ Զինաիդան երկու ընկերուհու հետ գնացել է Մարիամ Մանուկյանի տուն։


«Նա շատ հանգիստ էր պահում իրեն։ Ասում էր՝ եթե չհեռանանք, ոստիկանություն կկանչի։ Ու կասի, որ խուլիգանություն ենք կատարում՝ ներխուժել ենք իր անձնական տարածք։ Միաժամանակ պնդում էր, թե ինքն էլ է խաբված, իրեն էլ են խաբել»,- պատմում է Զինաիդան։


Տուժածները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Զինաիդայի խոսքով՝ հաղորդումից հետո գործով քննիչը կապ է հաստատել տուժողների հետ, բայց գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին չունեն։


Զինաիդան ասում է, որ բոլոր տուժածները պետք է դիմեն իրավապահներին, բարձրաձայնեն այս մասին։ Ինքն անձամբ մեկ տասնյակից ավելի տուժածի հետ է խոսել։ «Որքան շատ մարդիկ ներկայացնեն իրենց պատմությունը, այնքան ամբողջական կլինի գործը, և հույս ունեմ, որ բոլորս կստանանք պատասխան, թե ինչ է տեղի ունեցել և արդյոք հնարավոր կլինի վերադարձնել մեր գումարները»,- նշում է Զինաիդա Վարդպարոնյանը։


Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում Մարիամ Համլետի Մանուկյանի վերաբերյալ 2 քրեական գործ կա։


Առաջին գործով Մարիամ Համլետի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2021թ․ օգոստոսի 14-ին Արման Մարտինի Ղուշչյանից խաբեությամբ վերցրել է 1.500.000 ՀՀ դրամ գումար:


Մարիամ Համլետի Մանուկյանը ներկայացել է որպես տուրիստական ընկերության աշխատող, խաբեությամբ Արման Ղուշչյանին խոստացել է կազմակերպել վերջինիս և նրա ընտանիքի հանգիստը Դուբայում: Համաձայնության գալուց հետո խաբեությամբ հայտնել է, որ պատվիրել է 2021 թ․ օգոստոսի 19-ին Երևան-Դուբայ չվերթի 5 անձի տոմս և Դուբայի հյուրանոցի համար՝ խոստանալով կազմակերպել նաև երկրի մուտքի թույլտվությունները ստանալն ու COVID-19 համավարակի թեստերի հանձնումը։ Քրեական գործով խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ 2022 թվականի մայիսին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Դատաքննության ընթացքում՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ին, տուժող Արման Ղուշչյանը հայտնել է, որ իրեն պատճառված 1,5 մլն դրամի վնասն ամբողջությամբ հատուցվել է։ Նա դատարանին խնդրել է դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել գործը, քանի որ հաշտվել է ամբաստանյալի հետ։ Միաժամանակ վերացվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը։


Երկրորդ քրեական գործով Մարիամ Համլետի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է առանձնապես խոշոր չափերի՝ 26 190 272 դրամի հափշտակություն «Էյր Դիլիջանս» ՍՊԸ-ից: Այս գործում 10 անձ ունի տուժողի կարգավիճակ։ Դատական գործը ընթացքում է, խափանման միջոցը երկրից չբացակայելու արգելքն է։ Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 9-ին:


Մարիամ Մանուկյանը 2024 թվականին հիմնադրել է «ՄՏ տուր» ՍՊԸ-ն։ Նա ընկերության 100 % բաժնետերն ու տնօրենն Է։ Ընկերության գործունեության վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սահմանափակում է կիրառել։ Մարիամ Մանուկյանին արգելվել է տնօրինել գույքը։ Ըստ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարույթի՝ 2025 թ․-ի դեկտեմբերի 16-ին «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությունը դիմում է ներկայացրել և Մարիամ Մանուկյանից պահանջել 97 763 ՀՀ դրամ և 12000 ՀՀ դրամ՝ նոտարական ծառայության վճարի համար։


Փորձեցինք կապ հաստատել նաև Մարիամ Մանուկյանի հետ, տուժողների տրամադրած 3 հեռախոսահամարներն անհասանելի էին։ Մարիամ Մանուկյանը նաև չի պատասխանել ֆեյսբուքյան էջին ուղարկված նամակին։


Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ Մարիամ Մանուկյանի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմենք գրավոր։ Հարցում ենք ուղարկել, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250