ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ծառուկյանն ընտանիքի անդամների հետ տանն է, ԱԱԾ-ն էլ է ներսում, փորձում են ճնշել. Տոնոյան
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ կատարվող լայնածավալ գործողությունները փաստում են բոլոր հնարավոր եղանակներով նրա վրա ճնշում գործադրելու մասին։
Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ պատկան մարմինները նման արագությամբ սպասել են Սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո անմիջապես՝ այսօր վաղ առավոտյան ժամը 07:16-ին, առանց լույսի բնականոն բացվելուն սպասելու, ձեռնամուխ են եղել գործողությունների իրականացմանը։ Փաստաբաններն այս պահին տեղեկատվություն չունեն, քանի որ մինչև ամսի 4-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել էր նման վարույթ հարուցելու և Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գործ ստանալու լուրը։ Բայց ԿՀ-ն այդ հարցը չքննեց՝ ըստ երևույթին կանխազգալով կամ հստակ իմանալով Սահմանադրական դատարանի սպասվող որոշումը, համաձայն որի՝ ամսի 4-ից հետո Ծառուկյանը՝ որպես պատգամավորության թեկնածու, այլևս չի ունենալու անձեռնմխելիություն, և ԿՀ-ում այդ հարցի քննարկման անհրաժեշտությունը չի լինելու։ Հենց այդ պատճառով էլ Սահմանադրական դատարանի որոշմանը հաջորդող հենց առաջին աշխատանքային օրը՝ վաղ առավոտյան ժամը 07:16-ին, մեկնարկել են այս լայնածավալ գործողությունները։
Մամուլի հրապարակումներից է հայտնի դարձել, թե կոնկրետ Ծառուկյանի անձի, ինչպես նաև մի շարք ձեռնարկությունների հետ կապված ինչ հոդվածներ են շրջանառվում, այդ թվում՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Սա սոսկ մամուլից ստացված տեղեկատվություն է, որովհետև Քննչական կոմիտեն մինչև այս պահը հարկ չի համարել որևէ պաշտոնական պարզաբանում ներկայացնել այս հարցի շուրջ։ Փաստաբանները գտնվում են վերևում, մասնակցում են խուզարկությանը և տեղեկություններ չունեն։ Հույս կա, որ ավելի ուշ փաստաբանները կամ անձամբ պարոն Ծառուկյանը կպատասխանեն բոլոր հարցերին։
Պարոն Ծառուկյանը, ընտանիքը, նրա մայրը՝ տիկին Ռոզա Ծառուկյանը, և ընտանիքի անդամները գտնվում են տանը։ Տան անդամների հետ այս պահին կապ չկա։