ՆԱՏՕ-ի F-18-ը Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցել
ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Ռումինիայում տեղակայված իսպանական երկու F-18 կործանիչներ որսացել և ոչնչացրել են Մոլդովայի սահմանի մոտ հայտնաբերված անհայտ անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարար Ռադու Միրուցան։
Նրա խոսքով՝ թիրախը հայտնաբերվել է ժամը 04։44-ին՝ Գալաց քաղաքից 24 կիլոմետր հյուսիս։ Իսպանական երկու F-18 կործանիչները, որոնք նախազգուշական միջոցառումների շրջանակում արդեն բարձր պատրաստության վիճակում էին, ԱԹՍ-ն որսալու թույլտվություն են ստացել։
Անօդաչու սարքը, որի ծագումը Ռումինիայի իշխանությունները դեռ չեն հաստատել, որսվել և ոչնչացվել է երկրի հարավ-արևելքում՝ Բալենի և Կուդալբի բնակավայրերի միջև՝ Մոլդովայի սահմանին հարակից շրջանում։
Ռումինիայի պաշտպանության նախարարը շնորհավորել է իսպանացի օդաչուներին և հրամանատարական կենտրոնի աշխատանքն ապահովող ռումինացի զինծառայողներին։ Միրուցան ընդգծել է, որ Ռումինիան պաշտպանում է իր օդային տարածքը և այդ հարցում ունի դաշնակիցների աջակցությունը։
Նրա խոսքով՝ դաշնակիցների ներկայությունն անվտանգության իրական երաշխիք է՝ հիմնված մշտադիտարկման, արագ արձագանքման և ՆԱՏՕ-ի անդամ երկրների համերաշխության վրա։
Միրուցան նաև նշել է, որ Ռումինիան գտնվում է Եվրամիության պաշտպանության առաջնագծում՝ հիշեցնելով, որ երկիրն Ուկրաինայի հետ ունի շուրջ 614 կիլոմետր երկարությամբ ցամաքային սահման։
Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածների հերթական գիշերվա ընթացքում։ Կիևում ռուսական հարվածների հետևանքով խոշոր հրդեհներ են բռնկվել, առնվազն երկու մարդ վիրավորվել է։ Մոսկվան իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքը թիրախավորվել է ավելի քան 600 անօդաչու սարքով, ինչի հետևանքով երեք մարդ է վիրավորվել։
Վերջին շաբաթներին Ռումինիայի օդային տարածքում մի շարք նմանատիպ միջադեպեր են գրանցվել։
Անցած հինգշաբթի իսպանական երկու F-18 կործանիչներ բարձրացվել էին օդ՝ Միխայիլ Կոգելնիչանուի ավիաբազայից, երբ Ուկրաինայի հետ գետային սահմանի մոտ թռչող օբյեկտ էր հայտնաբերվել։ Անօդաչու սարքը Ռումինիայի տարածքում մնացել էր շուրջ 12 րոպե, ապա վերադարձել Ուկրաինայի տարածք։ Դրա պատճառով Տուլչա շրջանի բնակիչներին SMS հաղորդագրություններով նախազգուշացում էր ուղարկվել։
Մեկ օր անց Ռումինիայում ԱԹՍ էր կործանվել։ Այն երկրի օդային տարածքով թռչել էր շատ ցածր բարձրության վրա և չէր հայտնաբերվել ռադարների կողմից։ Նույն ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի կործանիչները ևս մեկ անօդաչու սարք էին խոցել Լատվիայի տարածքում։
Օգոստոսի սկզբին մեկ այլ անհայտ անօդաչու սարք պայթել էր Բուլղարիայի օդային տարածքում՝ Ռումինիայի սահմանի մոտ։ Ըստ հաղորդումների՝ այն Բուլղարիայի տարածք էր մտել Ռումինիայի կողմից։
Ամենալուրջ միջադեպերից մեկը տեղի էր ունեցել մայիսի 29-ին, երբ ռուսական անօդաչու սարքը բախվել էր Գալացի բնակելի տներից մեկին՝ առաջացնելով հրդեհ և վիրավորելով երկու մարդու։ ՆԱՏՕ-ն տեղի ունեցածը որակել էր որպես Ռուսաստանի կողմից անպատասխանատու էսկալացիա։
Այդ ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ դաշինքը պատրաստ է նման սպառնալիքներից պաշտպանել դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր հատվածը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակումից հետո այրվել է Wildberries-ի խոշորագույն պահեստը
Օգոստոսի 16-ի գիշերը Ռուսաստանի Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով խոշոր հրդեհ է...
Պուտինը դեռ պատրաստ չէ նոր մոբիլիզացիա հայտարարել. The Guardian
Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է ձգտել Ուկրաինայում իր հայտարարած ռազմական նպատակների իրականացմանը, սակայն, չնայ...
Մոսկվային մոտեցող 15 ԱԹՍ է ոչնչացվել․ հարվածից կին ևբերեխա են տուժել
Օգոստոսի 15-ի գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով երկու մարդ է տուժել։ Այս...
Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում մինչև 900 կմ խորությամբ նոր հարվածների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում մի շարք օբյեկտների ուղղությամբ իրականացված հեռահար...