Տնտեսություն

Մեկնարկվեց Քաջարանի թունելի շինարարությունը

Մեկնարկվեց Քաջարանի թունելի շինարարությունը

Հունիսի 27-ին տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ և այլ հյուրեր։ «Արմենպրես»-ին  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրել են, հյուրերը նախ շրջայց են կատարել Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի արդեն իսկ փորված երկու թունելներում, ծանոթացել կատարված հսկայածավալ աշխատանքին։


Շրջայցից հետո տեղի է ունեցել Քաջարանի թունելի կառուցման պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։


Քաջարանի թունելի կառուցումը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու փուլերից մեկն է, որը հնարավորություն կտա ամբողջությամբ գործարկել Հյուսիս-հարավի առաջնահերթ համարվող հարավային հատվածի մեծ մասը։ Քաջարանի թունելի կառուցմամբ ներկայում գործող երթուղին կկրճատվի մոտ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի երթեւեկության ժամանակը։ 


Թունելի միջոցով կշրջանցվի ծովի մակերեւույթից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքը, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծի խուսափել ձմռանը Մեղրու լեռնանցքի անցանելիության ապահովման հետ կապված դժվարություններից։


Քաջարանի թունելի կառուցման ծրագիրն իրականացվելու է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից հատկացված 200 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով եւ շուրջ 195 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ։


Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում: Ծրագրի շրջանակներում կկառուցվի ոչ միայն Քաջարանի թունելը՝ 7,2 կմ ընդհանուր երկարությամբ, այլեւ շուրջ 4 կմ մոտեցնող ճանապարհներ: Թունելի ներսում կառուցվելիք ճանապարհը կունենա երկու երթեւեկելի գոտի եւ մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։


Տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթեւեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։ Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաեւ ելք։


Քաջարանի թունելի եւ մոտեցնող ճանապարհների կառուցման համար պայմանագիր է կնքվելու իրանական «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» եւ «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության հետ։


Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250