Քաղաքականություն

Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի

Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը դատական կարգով պահանջում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանից հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և ներողություն խնդրել վիրավորանքի համար։


ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը, ով շուրջ մեկ ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցի համար հիմք է հանդիսացել Մայիսի 23-ին Չախոյանի տարածած 54 վայրկյանանոց տեսանյութը, որում մեղադրանքներ են հնչել Թևանյանի հասցեին՝ պետական դավաճանություն կատարելու, լրտեսության, գործակալական ցանցի անդամ լինելու և պետական գաղտնիքները գումարով վաճառելու վերաբերյալ: Այժմ Թևանյանը պահանջում է դատական կարգով պարտավորեցնել Չախոյանին՝ իր ֆեյսբուքյան էջի և ԶԼՄ-ների միջոցով ներողություն խնդրել ու հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Հերքման տեքստը պետք է ունենա հետևյալ բովանդակությունը. «ՀԵՐՔՈՒՄ, 23.05.2026 թվականին իմ ֆեսյբուքյան կայքէջում հրապարակավ տեսանյութի ընթացքում Անդրանիկ Թևանյանի՝ «պետական դավաճանություն գործած», «լրտեսություն արած», «պետական գաղտնիքները գումարով ծախած», «գործակալական ցանցի անդամ» լինելու անելու վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են»: Բացի այդ, հայցվորը պահանջում է Չախոյանից բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, 3 մլն դրամ՝ որպես վիրավորանքի փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերի գումարը: Հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին:


Հարկ է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ լրտեսության վերաբերյալ մեղադրանքներ էր հնչեցրել Անդրանիկ Թևանյանի հասցեին և հայտարարել, որ ԱԱԾ-ն հաղորդում կփոխանցի ՔԿ-ին: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ լրտեսության և պետական դավաճանության հատկանիշներով: ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ 2021 թվականին պատգամավոր ընտրված Անդրանիկ Թևանյանը 2024 թվականի ընթացքում իբրև հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հանձնարարությամբ իրականացրել է լրտեսություն: Ըստ նույն աղբյուրի՝ նա ապօրինի կերպով հավաքել և 622 հզր ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի ու արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդպիսով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: Հատկանշական է, որ 2024 թվականին Անդրանիկ Թևանյանն այլևս պատգամավոր չի եղել, նա մանդատից հրաժարվել էր դեռևս 2023 թվականի ամռանը:


Պաշտպանական կողմն իր հերթին հայտնում է, որ գործի նյութերից բխում է, որ ոչ միայն հնարավոր չէ խոսել պետական դավաճանության մասին, այլև առհասարակ բացակայում է որևէ հանցագործության հատկանիշ, և պարզ չէ, թե կոնկրետ ինչ պետական գաղտնիքի մասին է խոսքը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250