Պուտինի աղմկահարույց հայտարարությունը․ Ռուսաստանի դեմ պատերազմի են նախապատրաստվում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների վարած քաղաքականությանը։ Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը նշել է, որ դաշինքի երկրները սոսկ Ուկրաինային աջակցելուց անցում են կատարել Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների բացահայտ նախապատրաստմանը։ Ըստ նրա՝ այդ նպատակով արևմտյան պետություններն ավելացնում են իրենց պաշտպանական ու հարձակողական բյուջեները։
ՌԴ նախագահի պնդմամբ՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության առաջնորդները սեփական երկրների արմատական միլիտարիզացումն ու ռազմական ծախսերի աճը հիմնավորում են ռուսական կողմից բխող հնարավոր սպառնալիքի մասին հայտարարություններով, որոնք նա անվանել է կեղծ։ Պուտինը շեշտել է, որ Արևմուտքն ինքն է սկզբում վտանգներ ստեղծում Ռուսաստանի համար՝ վերջինիս ստիպելով դիմել ինքնապաշտպանական քայլերի, ինչից հետո Մոսկվային մեղադրում է ագրեսիվ գործողությունների մեջ։
Որպես պատմական օրինակ՝ Վլադիմիր Պուտինը հիշատակել է 1941 թվականի հունիսի 22-ին Նացիստական Գերմանիայի հարձակումը Խորհրդային Միության վրա։ Նա զուգահեռներ է անցկացրել անցյալի հետ՝ նշելով, որ այն ժամանակ ևս փորձ էր արվում ԽՍՀՄ-ին ու Ստալինին մեղադրել նախահարձակ լինելու մեջ, և այդ թեզը, ըստ ՌԴ նախագահի, մինչ օրս շրջանառվում է որոշակի գիտական շրջանակներում։
«Նախ, նրանք սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար, ստիպում են մեզ ձեռնարկել ինքնապաշտպանություն և ինքնապաշտպանության համար անհրաժեշտ գործողություններ, ապա անմիջապես մեղադրում են մեզ բոլոր մահացու մեղքերի մեջ։ Մենք այս ամենը լավ գիտենք, մենք ծանոթ ենք դրան», - նախագահն ընդգծել է արևմտյան երկրների մոտեցումը: