ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանը ո՞վ է․ Հովիկ Աղազարյանը բարկացավ
Ես դեռ 7-8 ամիս առաջ զգուշացնում էի, որ եթե ընդդիմությունը միավորված չգնա ընտրությունների, ձախողվելու է։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերը պետք է միասնական հանրահավաք անցկացնեն
«Փաստորեն իմ ասածն իրողություն դարձավ, և պարոն Կարապետյանն ինքն էլ ընդունեց, որ սխալվել է, որ ընդդիմությանը համախմբում չեն կազմակերպել ընտրություններից առաջ։ Սա բարդ խնդիր էր, բայց այստեղ էր հաղթանակի բանալին։ Հիմա Սամվել Կարապետյանը նախաձեռնում է նորից համախմբում։ Եթե այս համախմբման լոզունգը պետք է լինի «ուժեղ Հայաստան միայն Սամվել Կարապետյանի հետ», ապա ոչինչ չի ստացվի։ Քաղաքական ուժերը պետք է կարողանան վեր կանգնել իրենց ամբիցիաներից և լուծել առաջին հարցը՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ու դա պետք է անել միասնական ուժերով։
Երբ Նիկոլին հեռացնեն իշխանությունից, այդ ժամանակ թող այդ ուժերը քաղաքական իմաստով իրար խարակիրի անեն, փոր թափեն ու գան իշխանության արդար, թափանցիկ, հավասար պայմաններում՝ առանց վարչական ռեսուրսների, առանց ռեպրեսիվ ապարատի կիրառման»,- հավելել է նա։
Դիտարկմանը, որ Սամվել Կարապետյանը կոչ է արել ընդդիմադիր գործիչներին, որ իրենց խորհուրդներ տալու փոխարեն՝ մանդատները վերցնեն, թե չվերցնեն, ավելի լավ է իրենց կողքին կանգնեն Աղազարյանն ասել է.
«Ախր Ժիրայր Սեֆիլյանը ինչի պիտի կանգնի Սամվել Կարապետյանի կողքին, Սամվել Կարապետյանը ո՞վ է, որ Ժիրայր Սեֆիլյանը պիտի կանգնի Սամվել Կարապետյանի կողքին, Սամվել Կարապետյանը ո՞վ է, որ Հովիկ Աղազարյանը կանգնի Սամվել Կարապետյանի կողքին։ Այսինքն Սամվել Կարապետյանն ավելի ուժեղ քաղաքկան գործիչ է, քան ե՞ս, քան Ժիրայր Սեֆիլյա՞նը, Արա Պապյա՞նը։ Եթե դու ուզում ես համախմբվես, դու փոքր ու մեծ չպետք է նայես։ Նիկոլ Փաշինյան հեռացրեք իշխանությունից, հետո արի ընտրվի վարչապետ։ Մենք առաջարկում էինք ճանապարհ, որոնք ինքը 100 տոկոսով վարչապետ էր դառնում, ինչի՞ չլսեց։ Չեն ուզում լսել, ուզում են մենակ դևին սպանեն, իսկ ով դևին մենակ է սպանում, ինքը դառնում է դև։ Հիմա ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, սատկացնում է»,- ասել է Հովիկ Աղազարյանը։