Նա հարևաններին պատերազմ է հայտարարել արդեն. Փաշինյան
«Ե՛վ խոսքերով, և՛ սիմվոլիկայով պատերազմի եռագլուխ կուսակցությունը կասկածի տակ է առնում խաղաղության պայմանավորվածությունը: Հիմա այն խմբակցությունը, որ եկավ խորհրդարան, էլի այս նույն դրոշները դնելո՞ւ է իր սեղանին: Այդտեղից սկսվում է անվտանգային սպառնալիքների գեներացումը, որովհետև ստացվում է, որ Հայաստանի խորհրդարանում կա ուժ, որ խաղաղության համաձայնագրի ճարտարապետությունը չի ընդունում: Սա շատ ուղիղ գեներացնում է սպառնալիք և ռեակցիաներ, և մենք պետք է պատճառահետևանքային կապերը տեսնենք ու առերեսվենք այդ կապերի հետ»: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ-ի ավելի քան 700 հազար քաղաքացիներ գնացել և հաստատել են խաղաղության օրակարգին հավատարմություն, և սա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է: Դա ընտրություններին արտահայտված թիվը չէ, դա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է, որովհետև այդ թիվն արտահայտվել է ընտրակաշառքի բերումով:
ՀՀ-ն պետք է ինքն իրեն պաշտպանելու լծակներ գտնի: Դա լրտեսական ցանց է, որը աշխատել է, ընդ որում՝ դե ֆակտո և դե յուրե լրտեսական ցանց է: Այստեղ պետությունը չքմեղանալու ոչ մի առիթ չունի: Դրանց պետք է արմատախիլ անել շատ կոնկրետ ձևերով, հակառակ դեպքում, այո՛, նրանք ամեն ինչ անելու են կոնֆլիկտը վերակենդանացնելու, պատերազմ վերստեղծելու համար: Մենք հիմա վստահորեն կառավարում ենք իրավիճակը, բայց նաև մեր ժողովուրդը պետք է դրա մասին տեղյակ լինի:
Կարճ ասած, էլի հարցը սա է: Հիմա այդ ուժերը գալու են, Ղարաբաղի շարժումը շարունակելո՞ւ են, թե՞ չեն շարունակելու: Այն ուժը, որը գալիս ասում է՝ նախընտրական շրջանում մենք 29 հազար 743 քառակուսի կիլոմետրով չպետք է բավարարվենք, ըստ էության, նա հարևաններին պատերազմ է հայտարարել արդեն: Ընդ որում՝ անորոշ հարևանների անորոշ պատերազմ, այսինքն՝ տեղի է ունենում հարևանների կոնսոլիդացիա մեր դեմ, և ՀՀ-ն պետք է ռեակցիա տա: Հակառակ դեպքում մեզ պիտի ասեն՝ դուք համաձայն եք այդ խոսույթի հետ»,- նշել է վարչապետը: