Քաղաքականություն

«Միասնության թևերը» հայտարարություն է տարածել

«Միասնության թևերը» հայտարարություն է տարածել

«Միասնության թևերը» ողջունում է ընդդիմադիր քաղաքական 6 ուժերի հայտարարությունը ընտրակեղծիքների վերաբերյալ, միաժամանակ կուսակցությունը պատրաստվում է շարունակել սեփական իրավական քայլերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու կուսակցությունը չի միացել նշված հայտարարությանը։


Հունիսի 14-ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Արդյունքների հրապարակումից հետո 6 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» , «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունները համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Հայտարարության մեջ նշված է, որ ընտրությունների ընթացքում արձանագրվել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ, և ըստ այդմ` ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։


Լիպարիտ Դրմեյանը հիշեցնում է, որ իրենց քաղաքական ուժն ընտրությունների հենց հաջորդ օրն է հայտարարել, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Ավելին, կարծում են՝ ընտրությունները ձախողված են, քանի որ նախորդող շրջանում ընտրողների կամքի վրա այնպիսի ազդեցություն է գործադրվել հատկապես իշխող ուժի կողմից` և՛ վարչական ռեսուրսի կիրառմամբ, և՛ այլ մեթոդներով, որ քաղաքացին չէր կարող իր կամքն ազատորեն դրսևորել քվեախցիկի մոտ։ Վստահ են՝ հենց դրանով էին պայմանավորված ընտրությունների արդյունքները։


Ինչ վերաբերում է ԿԸՀ–ի հունիսի 14–ի նիստին, ապա, ըստ Դրմեյանի, թույլ տրված խախտումներն այնքան շատ էին, որ առհասարակ կասկածի տակ են դնում կայացված որոշման իրավաչափությունը, ուստի «Միասնության թևերի» հաջորդ քայլը լինելու է հանձնաժողովի որոշման բողոքարկումը։


«Նիստի ընթացքում, մեղմ ասած, խայտառակ պրոցես էր, ԿԸՀ-ն բազմաթիվ խախտումներ թույլ տվեց, կոնկրետ՝ ԿԸՀ նախագահը, որը փաստացի չէր տիրապետում ո՛չ իրավական կանոնակարգումներին, ո՛չ պրոցեսներին։ Վարչական վարույթ էր ընթանում, վարույթի ընթացքում ուրիշ պրոցես գնաց, օրակարգը հաստատվեց մեկ այլ նախագծով, արդյունքում մեկ այլ նախագիծ բերվեց օրակարգ։ Խախտումներն այնքան շատ էին, որ ինքնին ԿԸՀ որոշման իրավաչափությունը կասկածի տակ են դնում»,- նշեց Դրմեյանը։


Հունիսի 14-ին ԿԸՀ նիստում «Ուժեղ Հայաստանը» և «Միասնության թևերը» պահանջում էին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները՝ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն։ Սակայն ԿԸՀ-ն քննարկման առարկա չդարձրեց էլ այդ հարցը, փոխարենը հայտարարեց, թե ՀՀ 3 ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Այսօր էլ ԿԸՀ-ն պարզաբանում տարածեց, թե վերջնական արդյունքների հայտնի դառնալուց հետո ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։


Այս հայտարարությունը Դրմեյանը մանիպուլյատիվ է անվանում։


«Մանիպուլյացիայի դաշտում է, այդ վերաքվեարկությունը պետք է շատ ավելի վաղ նշանակվեր, մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, որպեսզի հիմա իրենց նշած այդ հանգամանքը գոյություն չունենար։ Մանիպուլյատիվ, նեղ ինչ-որ շահեր, հարցեր լուծող հայտարարություն է»,- ասաց Դրմեյանը։


«Միասնության թևերը» դիտարկում է նաև ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելը։


Հիշեցնենք, որ Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250