Դանիել Իոաննիսյանի կտրուկ արձագանքը` ԿԸՀ նախագահի հայտարարությանը
Ուրեմն, ԿԸՀ նախագահն ասում է, որ քանի որ այդ երեք տեղամասերի ընտրողները արդեն գիտեին, թե Հանրապետության քվեարկության արդյունքները ինչպիսին են, ականատես կլինեինք tactical voting-ի, երբ ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Այս մասին գրել է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Կոպիտ ասած, Վահագն Հովակիմյանը ասում է, որ ստեղծված իրավիճակում այդ տեղամասերում բոլոր ընդդիմադիր ընտրողները, անկախ իրենց հայացքներից, կընտրեին ԲՀԿ-ին, որպեսզի այն անցներ։
ԿԸՀ նախագահը, այսպիսով, բացի անհամեստ մանիպուլյացիայից (այդ տեղամասերում ԲՀԿ-ն արդեն իսկ ուներ շեմը հաղթահարելու համար բավարար ընտրող), ըստ էության, ասում է, որ «օրենսդիրը սխալ կարգավորում է գրել, մենք դրան չենք ենթարկվի»։ Ահա, թե ինչու.
Օրենսգրքի համաձայն առանձին տեղամասերում վերաքվեարկությունը միշտ էլ ընտրությունից երկու շաբաթ անց է, երբ բոլորին պարզ է ընտրությունների պատկերը, ինչը, բնականաբար, միշտ էլ ազդելու է այդ տեղամասերի վերաքվեարկության արդյունքների վրա։
Ավելին, առանձին տեղամասերում վերաքվեարկությունը, ըստ օրենսգրքի, նշանակվում է, երբ դրա արդյունքները էական են ընտրությունների համար։
Այսինքն, ըստ Ընտրական օրենսգրքի՝ առանձին տեղամասերի վերաքվեարկությունը միշտ էլ վերածվելու է tactical voting-ի... Եվ ուրեմն, ըստ ԿԸՀ-ի, փաստորեն, երբեք չի կարելի անել առանձին տեղամասերի վերաքվեարկություն։
Այլ կերպ ասած այն, ինչ ԿԸՀ-ն համարում է այս անգամ առանձին տեղամասերում վերաքվեարկություն չանելու հիմք` վերաբերելի է ցանկացած այլ հիպոթետիկ իրավիճակի ու ուղիղ հակասում է օրենսգրքի կարգավորմանը։
Հ.Գ. Մենք կարող ենք քննարկել, թե որքանով է դա ճիշտ կարգավորում, իսկ որքանով արժի այն վերանայել։ Բայց առանձին տեղամասերի վերաքվեարկությունը օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված հստակ կարգավորում է, որը ԿԸՀ-ն չի կարող «գրիչով ջնջել»»,- գրել է նա: