Ադրբեջանի աղմկահարույց հայտարարությունը` Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ
Քաղաքագետ Էլդար Նամազովն անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և դրանց հնարավոր ազդեցությանը հայ-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարի վրա։ Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանի ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումը ցույց է տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը հաղթանակ է տարել՝ խորհրդարանում ապահովելով տեղերի բացարձակ մեծամասնությունը։ Այդուհանդերձ, ինչպես փաստել է Նամազովը, այն չունի սահմանադրական մեծամասնություն, որն անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե կազմակերպելու համար։
«Իսկ դա, ինչպես հայտնի է, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանն է», — շեշտել է քաղաքագետը։
Նամազովը փաստել է, որ այս թեմայի շուրջ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածվել են բազմաթիվ հուզական և իրարամերժ արձագանքներ՝ սկսած այն պնդումներից, թե «այժմ Ադրբեջանին ստիպելու են հրաժարվել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջից», մինչև այնպիսի տեսակետներ, թե «ինչո՞ւ է մեզ ընդհանրապես պետք խաղաղություն Հայաստանի հետ, եթե Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն»։
«Բայց փորձենք հասկանալ կատարվածը առանց էմոցիաների», — ասել է նա։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ քվեարկությանը մասնակցած հայ ընտրողների 40%-ից ավելին իր ձայնը տվել է ռևանշիստական օրակարգ հետապնդող քաղաքական ուժերին։
«Այս հանգամանքն արդեն իսկ խոսում է այն մասին, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրումը ամենախելամիտ գաղափարը չէ։ Հայ հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան», — նշել է Նամազովը։
Միևնույն ժամանակ նա մատնանշել է վերջին տարիներին հայ հասարակության ներսում արձանագրված փոփոխությունները։
«Դեռ վեց տարի առաջ հայ ընտրողների 99,999%-ը պաշտպանում էր ագրեսիվ մոտեցումը և համաձայն չէր խաղաղության դիմաց «օկուպացված» (չակերտները` Auroranews-ի) տարածքների նույնիսկ մի մասի վերադարձին։ Հիմա նրանք արդեն փոքրամասնություն են, և ընտրողների մեծ մասը քվեարկում է Ադրբեջանի հետ խաղաղության օգտին։ Դա խոսում է այն մասին, որ հայ հասարակությունը տրանսֆորմացվում է և շարժվում է Ադրբեջանի հետ խաղաղության ուղղությամբ», — արձանագրել է քաղաքագետը։
Նամազովը նաև հավելել է, որ հայ ընտրողների մեծամասնությունը խաղաղության օգտին է քվեարկել այնպիսի իրավիճակում, երբ ռևանշիստական ուժերը վայելում էին «Հայ Եկեղեցու, արտերկրի սփյուռքի և Ռուսաստանի բացահայտ ու լիակատար աջակցությունը»։
«Ընդ որում, վերջին դեպքում Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ հրապարակայնորեն հանդես եկավ ՌԴ ողջ գերագույն քաղաքական իշխանությունը՝ Պուտինի գլխավորությամբ, և Հայաստանի նկատմամբ կիրառվեցին տնտեսական պատժամիջոցներ։ Դա Հայաստանի իշխանությունների հաջողությունն ընտրություններում դարձնում է էլ ավելի կշռադատված», — հայտարարել է նա։
Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունից տարածքային պահանջների հեռացման անհրաժեշտության հարցում Ադրբեջանի նկատմամբ հնարավոր ճնշումներին՝ Նամազովը վստահեցրել է, որ նման ճնշում լինել չի կարող։
«Բանակցային գործընթացի ընթացքում բոլոր լուրջ միջազգային խաղացողները ճանաչել են մեր պահանջի հիմնավորվածությունը։ Կարող են լինել առանձին փորձեր իրավիճակին քիչ ծանոթ անձանց և կողմնակալ կազմակերպությունների կողմից, բայց թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում նման կեղծավոր գործողություններին՝ արդեն լավ գիտեն ողջ աշխարհում», — ասել է քաղաքագետը։
Նա կոչ է արել հստակորեն տարանջատել խաղաղության պայմանագիրն ու խաղաղության գործընթացը։
«Խաղաղության պայմանագրից կարող է սկսվել խաղաղության գործընթացը, բայց նաև նախ կարող է սկսվել խաղաղության գործընթացը և որոշակի փուլում հանգեցնել խաղաղության պայմանագրի։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր են երկու սցենարներն էլ՝ կախված յուրահատուկ քաղաքական և այլ պայմաններից», — հավելել է Նամազովը։
Ըստ նրա գնահատականի՝ այս ընտրություններից հետո Ադրբեջանն ու Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն խաղաղության գործընթացը՝ նախապես սահմանված շրջանակներին համապատասխան։ Խոսքը վերաբերում է Ադրբեջան — Հայաստան — ԱՄՆ եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ներառում են կոմունիկացիաների բացումը, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», առևտրային կապերի հաստատումը, սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, ինչպես նաև հասարակական շփումների ընդլայնումը։
«Անհրաժեշտ է անցնել խաղաղ համակեցության փուլը, որպեսզի հասնենք կայուն խաղաղության», — ընդգծել է քաղաքագետը։
Այս գործընթացի հիմնական ցուցիչները, Նամազովի կարծիքով, պետք է լինեն խաղաղության գործընթացի հիմնական պարամետրերի արտացոլումը Հայաստանի նոր կառավարության ծրագրում, որը պետք է հաստատվի մոտ ապագայում, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունների ամրագրումը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարների կողմից՝ հաջորդ ամսվա սկզբին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։
Միևնույն ժամանակ քաղաքագետը շեշտել է, որ, առաջնահերթություն տալով խաղաղության գործընթացին, Ադրբեջանը պետք է պահպանի իր ռազմական պատրաստվածությունը։
«Ավելորդ չի լինի հիշեցնել, որ, առաջնահերթություն տալով խաղաղության գործընթացին, մեր զինված ուժերը պետք է պահպանեն ձեռք բերված բազմապատիկ առավելությունը և պատրաստ լինեն տարածաշրջանում իրավիճակի զարգացման ցանկացած տարբերակի։ Ինչպես ցույց տվեց փորձը, այս գործոնը վճռորոշ դեր է խաղում հայ հասարակության՝ դեպի Ադրբեջանի հետ խաղաղության կողմը տրանսֆորմացվելու գործում», — եզրափակել է Էլդար Նամազովը։