Լրտեսի նման զանգում են․ Փաշինյանը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին մեղադրել է իրենց կապերով Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու մեջ։ Այդ մասին ՀՀ վարչապետն ասել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Ես գիտեմ, որ Մարտունիում անհանգստություններ կան ԵԱՏՄ-ի շրջանակներում տեղի ունեցող պրոցեսների մասին։ ԵԱՏՄ-ն հիմնված է 4 հիմնական սկզբունքների վրա. Ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, ֆինանսական միջոցների ազատ ներհոսքի վրա։ Գիտեք, այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում ինչ-որ կապերով, ինչ-որ բաներով ընտրությունների ժամանակ իրենց երկրի համար խնդիրներ են ստեղծում։ Նրանք, հասկանալով, որ ընտրություններում ձախողվել են և շրխկալով պարտություն են կրելու, ԵԱՏՄ-ի շրջանակներում լրտեսի նման զանգում են, գնում են, այնտեղ ինչեր են անում՝ մեր երկրի համար խնդիրներ ստեղծելու»,- ասել է Փաշինյանը։
Ռուսաստանը վերջին շրջանում ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ Հայաստանի իշխանություններին կոչ է արել արագ կողմնորոշվել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին կոչ է արել այդ հարցով հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե կազմակերպել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ այս պահին այդպիսի հանրաքվեի համար հիմք չի տեսնում, քանի որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ չի ներկայացրել։ Հայաստանին հանրաքվե անցկացնելու կոչ պարունակող հայտարարություն էին ընդունել նաև ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները։
ՌԴ-ն Հայաստանին կողմնորոշվելու կոչեր անող հայտարարություններին զուգահեռ վերջին օրերին սահմանափակումներ է կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, Ռուսաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի, «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումը, սահմանափակումներ կիրառել հայկական բանջարեղենի, մրգերի ներմուծման նկատմամբ։