Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր որոշում վարորդական իրավունքից զրկվածների համար․ քննություն հարկավոր չէ

Վարորդական իրավունքից զրկված վարորդները 50 հազար դրամ տույժ վճարելով կկարողանան վերականգնել իրենց վարորդական իրավունքները։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։


«Ներկայում վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վերականգնումն իրականացվում է քննությունների միջոցով՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ։ Երբ դիտարկում ենք նաև միջազգային փորձն այս տեսանկյունից, տեսնում ենք, որ թե՛ զրկման, թե՛ իրավունքի վերականգնման դեպքերում հաշվի են առնվում տարբեր հանգամանքներ, որպեսզի առավել մեծ շեշտադրում լինի վարորդի վարքագծի, դրա գնահատման և փոփոխության վրա։ Այս պայմաններում կիրառվում են, օրինակ, վարելու իրավունքից զրկված անձանց համար լրացուցիչ դասընթացներ, վերապատրաստումներ, սահմանափակ հնարավորություններով փորձաշրջանի սահմանում և այլ ընթացակարգեր։


Հաշվի առնելով կիրառման հնարավորությունները՝ առաջարկվում է ներդնել զրկման ժամկետի ավարտից հետո, խիստ սահմանափակ հնարավորությամբ՝ 6 տուգանային միավորի տրամադրման պայմաններում, 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ։ Վարելու իրավունքի զրկման մասին ոստիկանության կողմից կայացված որոշումների ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները, որպես կանոն, 1 տարի ժամկետով զրկված են լինում վարորդական իրավունքից։ Այս ժամկետը չի փոփոխվում, պահպանվում է, այսինքն՝ 1 տարի շարունակ անձինք իրավունք չունեն վարելու իրենց տրանսպորտային միջոցը։ Ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում անձինք կարող են դիմել և, վճարելով պետական տուրք, որը այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում կազմում է 50 հազար դրամ, վերականգնել իրենց իրավունքը՝ առանց որակավորման քննությունների, միայն մեկ անգամ։ Դրանից հետո արդեն սահմանվում է փորձաշրջան՝ խիստ սահմանափակ թվով բալերի տրամադրմամբ»,- ասել է նա։


Նախարարը նշել է, որ երկրորդ և հաջորդ անգամ զրկվելու դեպքում վերականգնումը կիրականացվի բացառապես քննությունների միջոցով, իսկ սովորական պայմաններում վարորդներն ունեն 13 բալային միավոր, մինչդեռ վերականգնման դեպքում կտրամադրվի 6 բալային միավոր։


«Մեկ այլ առանձնահատկություն ևս նախատեսել ենք, որպեսզի վարքագծի վրա շեշտադրումն առավել ակնհայտ լինի։ Եթե 6 բալային միավորը սպառվում է, կամ անձն այս ժամանակահատվածում կրկին զրկվում է վարորդական իրավունքից, ավտոմատ կերպով կրկին կիրառվում է զրկման ռեժիմը, և անձը 1 տարի ժամկետով չի կարողանում վարել տրանսպորտային միջոց։ Մինչդեռ ստանդարտ պայմաններում, եթե սպառվում է 13 բալը, իրավունքը կասեցվում է, ոչ թե զրկվում։ Այս դեպքում կիրառվում է շատ ավելի խիստ մեթոդաբանություն։


Սա հիմնական ընդհանուր մոդելն է, սակայն ունենք նաև անցումային դրույթ՝ մինչ այս պահը զրկված անձանց վերաբերյալ։ Նախատեսել ենք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում զրկված անձանց համար ևս մեկ անգամ վերականգնման հնարավորություն՝ նույն մոդելի կիրառմամբ, այսինքն՝ համապատասխան պետական տուրքի վճարում, 13 բալի փոխարեն 6 բալի սահմանում և փորձաշրջանի ժամկետի ամրագրում»,- ասել է նա։


Նշենք, որ որոշումը վերաբերում է բացառապես ոստիկանության կողմից վարչարարության շրջանակում վարորդական իրավունքից զրկման դեպքերին։ Այն չի տարածվելու ՀՀ դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կիրառված զրկումների, ինչպես նաև անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի, հոգեկան հիվանդության, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ պայմանավորված առողջական խնդիրների կամ առողջական վիճակի՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքով վարելու իրավունքի դադարեցման դեպքերի վրա։


Ավելին՝ տեսանյութում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250