Քաղաքականություն Կարևոր

Հայտնի է` ովքեր կմասնակցեն և ինչ կքննարկվի ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովին

Ani S.
Հայտնի է` ովքեր կմասնակցեն և ինչ կքննարկվի ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովին

Մայիսի 4-5-ը Երևանում տեղի կունենա ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը` նշանավորելով նրանց հարաբերությունների զարգացման կարևոր առաջընթացը և վերահաստատելով Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանը և բարեփոխումների օրակարգին Եվրոպական միության ամուր հանձնառությունը։

Գագաթնաժողովին կմասնակցեն նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նախագահ Անտոնիո Կոշտան, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով կներկայացնի Հայաստանը։ Գագաթնաժողովին կմասնակցի նաև ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

 
 Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության պաշտոնական կայքից:

«Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները կամփոփեն վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացը և կխթանեն համագործակցության հետագա ամրապնդումը, մասնավորապես՝ տնտեսության, կապակցվածության և անվտանգության ոլորտներում։ Միաժամանակ նրանք կքննարկեն Հարավային Կովկասում կայունության և կայուն զարգացման ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։ Օրակարգում ներառված են նաև տարածաշրջանային և համաշխարհային, մասնավորապես՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։

Գագաթնաժողովի առանցքային արդյունքների շարքում են ԵՄ-ՀՀ կապակցվածության գործընկերության մեկնարկը, որը ներառում է տրանսպորտի, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ոլորտները՝ բարձր մակարդակի երկխոսության ձևաչափերով։ Այն կհամալրվի Հայաստանում ԵՄ մասնավոր ներդրումների մոբիլիզացմանն ուղղված նախաձեռնություններով։

Միաժամանակ երկու կողմերը կհաստատեն անվտանգության և պաշտպանության ոլորտներում, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ձևավորման միջոցով իրենց համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։

Միաևնույն ժամանակ, առաջնորդները կմասնակցեն Սահմանային և առափնյա պահպանության եվրոպական ծառայության՝ «Ֆրոնտեքս»-ի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև աշխատանքային պայմանավորվածությունների նախաստորագրման արարողությանը։

ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը վկայում է համագործակցության շոշափելի արդյունքների և Հարավային Կովկասում խաղաղության ու բարեկեցության խթանման ուղղությամբ Եվրոպական միության հանձնառության մասին։

Գագաթնաժողովից հետո տեղի կունենա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիս»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250