Նոր մեթոդ է հայտնաբերվել՝ քաղցկեղի բուժման համար
Ռուսաստանցի և արտասահմանցի գիտնականները մշակել են սելենի հիմքով միացություններ, որոնք լազերային թերապիայի ժամանակ առավել արդյունավետ են, քան ոսկու մասնիկները:
Պերմի պոլիտեխնիկական համալսարանի և Մոսկվայի առաջատար հետազոտությունների կենտրոնի մասնագետները՝ միջազգային գործընկերների հետ համատեղ, սինթեզել են վոլֆրամի ու պալադիումի հետ սելենի միացությունների հիման վրա ստեղծված նոր նանոմասնիկներ։ Այս մշակումը նախատեսված է լազերային ֆոտոթերմիկ թերապիայի համար, որի դեպքում ուռուցքի մեջ ներարկված մասնիկները ինֆրակարմիր ճառագայթման ազդեցությամբ տաքանում են՝ ներսից քայքայելով քաղցկեղային բջիջները։ Հետազոտողները պարզել են, որ նոր նյութերն իրենց բնույթով ավելի մատչելի են և անվտանգ, քան ներկայումս կիրառվող ոսկե կամ արծաթե տարբերակները։
Գիտական խմբի պարզաբանմամբ՝ ուռուցքային հյուսվածքներն առավել զգայուն են բարձր ջերմաստիճանի նկատմամբ, քանի որ դրանցում արյունատար անոթների քաոսային դասավորությունը խոչընդոտում է ջերմության հեռացմանը։ Մշակված նոր գնդաձև մասնիկները սինթեզվում են ջրային միջավայրում՝ առանց թունավոր կայունացուցիչների օգտագործման։ Սա կարևոր առավելություն է, քանի որ ավանդական թանկարժեք մետաղների դեպքում հաճախ կիրառվում են օրգանիզմի համար վտանգավոր նյութեր՝ մասնիկների կպչունությունը կանխելու նպատակով։
Նոր նանոմասնիկների արդյունավետությունը լույսը ջերմության փոխակերպելու հարցում հասնում է մինչև 81%-ի։ Վոլֆրամի հիմքով ստեղծված միացությունները թույլ են տալիս իրականացնել թիրախային և կառավարելի տաքացում, ինչը չափազանց կարևոր է կենսական նշանակություն ունեցող օրգանների, նյարդերի կամ խոշոր անոթների հարևանությամբ գտնվող ուռուցքների բուժման ժամանակ։ Գնդաձև կառուցվածքի շնորհիվ դրանք հեշտությամբ են շարժվում արյան հոսքով և ներթափանցում ուռուցքի մեջ՝ չվնասելով առողջ հյուսվածքները։ Այս պահին տեխնոլոգիան գտնվում է լաբորատոր փորձարկումների փուլում։