Քաղաքականություն

ԵՄ–ի հետ համատեղ մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու. ԱԳ փոխնախարար

Mariam Z.
ԵՄ–ի հետ համատեղ մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու. ԱԳ փոխնախարար

Մայիսի 4-5-ին Երևանը կհյուրընկալի Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, որը կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ։


Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել է, որ մայիսի 4-5-ին Երևանում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից բացի, տեղի կունենա նաև Հայաստան-ԵՄ առանձին գագաթնաժողով։ Միջոցառումը համանախագահելու են ՀՀ վարչապետը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։


Փոխնախարարի փոխանցմամբ՝ սա երկկողմ ձևաչափով առաջին գագաթնաժողովն է, որի շրջանակում քննարկվելու է Հայաստան-ԵՄ օրակարգը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվելու վիզաների ազատականացմանը և ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությանը։


«Բացի դրանից, հաշվի առնելով տարածաշրջանում վերջին մեկ տարվա զարգացումները, էական քննարկումներ ենք ունենալու հաղորդակցության թեմաների շուրջ, քննարկելու ենք, թե ինչպես կարող ենք խթանել ներդրումները Հայաստանում։ ԵՄ–ի հետ համատեղ, մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու, որը թույլ է տալու մի նոր պատուհան բացել ներդրումային քաղաքականության մեջ։ Եվրամիությունը կաջակցի մասնավոր սեկտորին և կխթանի մասնավոր սեկտորի ներդրումները Հայաստանում տարբեր գործիքների միջոցով»,- նշել է Վահան Կոստանյանը։


ԱԳ փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ նշված բարձր մակարդակի հանդիպումներից հետո մայրաքաղաքում կկազմակերպվի «Երևանյան երկխոսություն» տարեկան դիվանագիտական ֆորումը։ Մի շարք եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ կմնան Երևանում՝ այդ միջոցառմանը մասնակցելու նպատակով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250