Դատարանը երկարաձգեց Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը
Դատավոր Կարեն Ֆարխոյանն ապրիլի 23-ին որոշեց ևս երկու ամսով երկարաձգել Բագրատ Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։
Ըստ դատավորի՝ գործը ներկայում գտնվում է հիմնական դատալսումների փուլում, իսկ նախկինում արձանագրված հիմքերն ու պայմանները չեն փոփոխվել, ինչի պատճառով այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն իրավաչափ չէ։ Հանրային մեղադրողը միջնորդել էր կալանքը երկարաձգել երեք ամսով, ինչն ուղեկցվել էր դահլիճում անցկացված բողոքի ակցիայով. ներկաները բարձրացրել էին «Ազատություն սրբազանին» և այլ գրառումներով պաստառներ։
Մեղադրող Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հիմքերը դեռ առկա են։ Նրա խոսքով՝ Բագրատ Գալստանյանը կարող է խոչընդոտել քննությանը՝ ազդեցություն ունենալով դատավարության մասնակիցների վրա։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանն իր հերթին հիշեցրեց, որ դատախազությունը չի ներկայացրել այն օպերատիվ տվյալները, որոնց հիման վրա իրականացվել է գաղտնալսումը։ Պաշտպանը հավելեց, որ մեղադրական եզրակացությունում բացակայում են իշխանությունը զավթելու նախապատրաստության մասին վկայող ձևակերպումները։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հրապարակել էր «Սրբազան պայքար» շարժման ներկայացուցիչների ձայնագրությունները։ 2025 թվականի հունիսի 25-ին տարածված հաղորդագրության համաձայն՝ շարժման ղեկավարներն ու մասնակիցները ծրագրել էին ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով անցնող 18 մեղադրյալներից ներկայում անազատության մեջ են միայն Բագրատ Սրբազանն ու Վահագն Չախալյանը։