Թրամփն իր դաշնակիցների առաջ պահանջ է դրել
Դոնալդ Թրամփի վարչակազմը դաշնակից երկրներին կոչ է անում դադարեցնել Չինաստանից կրիտիկական հանքանյութերի գնումը՝ անցնելով ավելի թանկ, բայց անվտանգ մատակարարումների։
Financial Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը գործընկերներին պարզաբանել է, որ մատակարարման պաշտպանված շղթաներ ստեղծելու և չինական հումքից կախվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է վճարել «ազգային անվտանգության հավելավճար»։
Վաշինգտոնը խթանում է այնպիսի երկրների շրջանակի ձևավորումը, այդ թվում՝ եվրոպական պետությունների, որոնք հանքանյութերի առևտուրը կիրականացնեն սահմանված նվազագույն գներով։ Այս քայլով ԱՄՆ-ն նպատակ ունի պաշտպանել արդյունահանման ու վերամշակման ոլորտներում արված ներդրումները և կանխել Չինաստանի կողմից գների արհեստական իջեցումը։ Նշվում է, որ նպատակին հասնելու համար Միացյալ Նահանգները կարող է կիրառել բարձր մաքսատուրքեր կամ այլ սահմանափակումներ կողմնակի արտադրողների նկատմամբ։
«Երբ առևտրային գործընկերները մտահոգություն են հայտնում գնային շեմերի կամ նմանատիպ մեխանիզմների տնտեսական ծախսերի վերաբերյալ, ես պարզապես ասում եմ. այն, ինչի մասին դուք խոսում եք, այսինքն՝ ծախսարդյունավետությունը, հենց այն պատճառն է, որ մենք հայտնվել ենք ներկայիս իրավիճակում»,- ասել է Գրիրը թերթին։
«Կա գին, որը մենք վճարում ենք, և ես այն անվանում եմ ազգային անվտանգության հավելավճար, և մենք բոլորս ստիպված կլինենք վճարել այդ ազգային անվտանգության հավելավճարը՝ մատակարարման պաշտպանված շղթա ունենալու համար»,- մեջբերում է FT-ն նրա խոսքերը։
Պարբերականը հավելում է, որ այս նախաձեռնությունը մտահոգել է ԱՄՆ որոշ դաշնակիցների։ Փակ բանակցությունների ընթացքում նրանք նախազգուշացրել են, որ նոր մեխանիզմը կարող է մեծացնել ծախսերը ավտոշինության, պաշտպանական արդյունաբերության և մաքուր էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև հանգեցնել Չինաստանի պատասխան առևտրային գործողություններին։