Մոլդովայի ամենաազդեցիկ օլիգարխը դատապարտվեց 19 տարվա ազատազրկման
Քիշնևի Բույուկանի շրջանային դատարանը ապրիլի 22-ին հրապարակել է Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի գործով դատավճիռը։ Գործարարը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել հանցավոր խմբավորում ձևավորելու, ղեկավարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի հասնող խարդախության և փողերի լվացման համար։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Պլախոտնյուկը երեք տեղական բանկերից («Banca de Economii», «Unibank» և «Banca Sociala») յուրացրել է ավելի քան 39 միլիոն դոլար և 3,5 միլիոն եվրո։ Քննչական մարմինները հաստատել են, որ գողացված միջոցներն օգտագործվել են անձնական շահերի համար՝ ներառյալ ինքնաթիռի գնումը, անշարժ գույքի ձեռքբերումը, բժշկական ու զբոսաշրջային ծառայությունների վճարումը, ինչպես նաև տարբեր բիզնես ներդրումներն ու միջոցառումների կազմակերպումը։
Թեև մեղադրող կողմը պահանջում էր 25 տարվա ազատազրկում, դատարանը սահմանեց ավելի մեղմ պատիժ։ Պլախոտնյուկի պաշտպանական կողմն արդեն հայտարարել է որոշումը Քիշնևի վերաքննիչ դատարանում բողոքարկելու մտադրության մասին։ Նշենք, որ օլիգարխը դատական նիստին ներկա չի եղել։
Վլադիմիր Պլախոտնյուկը Մոլդովայից փախուստի էր դիմել 2019 թվականի իշխանափոխությունից հետո։ 2025 թվականի հուլիսին նա ձերբակալվել էր Հունաստանում, իսկ սեպտեմբերին արտահանձնվել Մոլդովային։ Ներկայումս նա պահվում է Քիշնևի թիվ 13 բանտում։ Սա Պլախոտնյուկի դեմ հարուցված միակ գործը չէ․ նա ներգրավված է ևս մի քանի քրեական վարույթներում, որոնք վերաբերում են անձնագրերի կեղծմանը և կոռուպցիոն այլ սխեմաներին։