Ապատեղեկատվության դեմ պայքարի նոր հարթակ է ստեղծվել
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Գոռ Ծառուկյանը հանրությանն է ներկայացրել «Stugel.am» նոր գործիքը, որը նախատեսված է ապատեղեկատվության դեմ պայքարում քաղաքացիներին աջակցելու համար։ Կազմակերպված քննարկման ժամանակ նա պարզաբանեց, որ հարթակը թույլ է տալիս իրականացնել տարբեր ձևաչափի կոնտենտի վերիֆիկացում և նույնականացում։
«Ձեզ հրավիրել ենք նաև ներկայացնելու մեր կողմից պատրաստված գործիքը, որի նպատակը ոչ թե միայն մասնագիտական հանրությանը, այլ ավելի շատ հասարակությանն աջակցելն է՝ տրամադրելով այնպիսի հարթակ, որը հնարավորություն կտա վերիֆիկացնել, նույնականացնել և ճանաչել որոշակի կոնտենտ»,- նշել է Ծառուկյանը։
Ըստ նրա՝ կեղծ տեղեկատվության դեմ պայքարը պետք է լինի ոչ միայն արձագանքող, այլև կանխարգելիչ։
«Ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է ունենա նաև հարձակողական բնույթ, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն արձագանքել ապատեղեկատվությանը, այլ նաև կանխել այն»,- հայտարարել է նա։
Կենտրոնի տնօրենը շեշտել է մեդիագրագիտության կարևորությունը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ քաղհասարակության գործընկերներն ակտիվորեն աջակցում են հանրության մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը։
Stugel.am-ի ստեղծումն իրականացվել է ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների ծրագրի շրջանակում։ Ծառուկյանը հավելել է, որ նախագիծը կյանքի է կոչվել եվրոպացի գործընկերների աջակցությամբ։ Նա նկատել է նաև, որ թեև քաղաքացիների շրջանում աճել է քննադատական վերաբերմունքը տեղեկատվության նկատմամբ, անհրաժեշտ էր տրամադրել համապատասխան ստուգիչ գործիք։
Հարթակը ներառում է երեք հիմնական գործառույթ՝ տեքստերի, նկարների և տեսանյութերի ստուգում։ Լուսանկարների ու տեսանյութերի վերիֆիկացիան կատարվում է ժամանակակից տեխնոլոգիաներով։
«Նույն կերպ, ինչպես հնարավոր է ստեղծել գեներացված լուսանկար կամ տեսանյութ, նույն տեխնոլոգիաներով հնարավոր է նաև դրանք ստուգել՝ պարզելու համար արդյոք դրանք իրակա՞ն են, թե՞ ոչ»,- պարզաբանել է նա։
Գոռ Ծառուկյանը նաև փաստել է, որ տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ հարթակը պետք է մշտապես թարմացվի՝ նոր ձևաչափերով ստեղծված կոնտենտը ճանաչելու համար։
Կայքը լինելու է անվճար և բաց բոլորի համար։ Այն ստեղծվել է ԵՄ ֆինանսավորմամբ և էստոնական ընկերության աջակցությամբ։ Ծառուկյանը շեշտել է, որ սա հանրային բարիք է և զուրկ է կոմերցիոն նպատակներից, սակայն չարաշահումներից խուսափելու համար կկիրառվեն որոշակի սահմանափակումներ։