Փաշինյանը հիմնավորել է Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Նա պարզաբանել է, որ նման հղման առկայությունը նշանակում է Ղարաբաղյան շարժման շարունակություն, ինչն էլ իր հերթին կբերի Ադրբեջանի հետ հակամարտության վերսկսման և կանհնարին կդարձնի խաղաղությունը։ Ըստ վարչապետի՝ դա կնշանակի նաև ընդունել «Արևմտյան Հայաստանի» կամ «ծովից ծով Հայաստանի» մասին խոսույթը, ինչը գործնականում թույլ կտա քննարկել նաև «Արևմտյան Ադրբեջանի» կամ «Արևելյան Թուրքիայի» նմանատիպ թեզերը։
Անդրադառնալով այն տեսակետներին, թե սա Ադրբեջանի պահանջն է, Փաշինյանը շեշտել է, որ հարցը պետք է դիտարկել սեփական ցանկության տիրույթում։ Նա նշել է, որ Ղարաբաղյան շարժումն այսօր պաշտոնական և ժողովրդական մակարդակով դադարեցված է, և ինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստ են ընդունել քաղաքացիների ցանկացած այլ որոշում, սակայն պարտավոր են ներկայացնել իրենց ձևավորած քաղաքական բովանդակությունը։ Ըստ նրա՝ «Քաղաքացիական պայմանագիրը» միակ ուժն է, որը հայտարարում է Հռչակագրի շուրջ քննարկումներից հրաժարվելու անհրաժեշտության մասին և կենտրոնանում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում։
Վարչապետը նաև ընդգծել է, որ բանակը չի կարող օգտագործվել սուվերեն տարածքից դուրս, բացառությամբ խաղաղապահ առաքելությունների։ Նա հավաստիացրել է, որ եթե քաղաքացիները համաձայն չլինեն այս հայեցակարգին, կարող են օգտվել առաջիկա ընտրությունների հնարավորությունից կամ հեղափոխություն անել։ Փաշինյանի խոսքով՝ Ղարաբաղյան շարժման ավարտը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար, որը թույլ կտա չզոհաբերել սեփական շահերը հանուն այլոց նպատակների։
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերաբերյալ նա հայտարարել է, որ այդ հարցը պետք է փակել՝ թույլ տալով մարդկանց հաստատվել Հայաստանում և դուրս գալ տասնամյակներ տևած «քաղաքական պատանդի» կարգավիճակից։ Վարչապետը հերքել է, թե Սահմանադրության հարցը քննարկվում է արտաքին դերակատարների հետ՝ այն որակելով ներքին օրակարգ։ Եզրափակելով՝ նա նշել է, որ Ղարաբաղյան շարժումը ժամանակին օգտագործվել է պետության կայացումը խոչընդոտելու համար և այն անհամատեղելի է անվտանգության հետ։ Փաշինյանը հավելել է, որ հպարտ է տաբուացված հարցերը բարձրաձայնելու համար, ինչի շնորհիվ այսօր խաղաղություն կա։