ԱՄՆ-ն պահանջում է, որ Ուկրաինան դուրս գա Դոնբասից. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ Դոնբասի մնացած մասից իր զորքերը դուրս բերելու համար, որպեսզի այն որոշակի անվտանգության երաշխիքներ ստանա Միացյալ Նահանգներից:
Զելենսկու գնահատմամբ՝ այս մոտեցման ձևավորման վրա ազդում է նաև ռուսական կողմի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում։ Նա նշել է, որ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ Ուկրաինայից ակնկալում են հեռանալ Դոնբասից, դրանից հետո ԱՄՆ-ն պետք է առաջարկի Կիևի համար ցանկալի անվտանգության երաշխիքներ, իսկ Ռուսաստանը, ըստ այդ տրամաբանության, ավարտի պատերազմը։
Ուկրաինայի նախագահը նման տարբերակը համարել է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական առումով վտանգավոր։ Նրա խոսքով՝ Դոնբասից հեռանալը կնշանակի թուլացնել երկրի պաշտպանական գծերը, ինչն անմիջական ռիսկ կստեղծի Ուկրաինայի անվտանգության համար։
Զելենսկին նաև նշել է, որ նման զարգացումը վտանգ է պարունակում ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի համար։ Նա հավելել է, որ կայուն խաղաղության ձախողումը ռիսկեր է ստեղծում նաև Դոնալդ Թրամփի և նրա թիմի համար։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է բարձր մակարդակով առնվազն մեկ հանդիպում անցկացնել՝ քննարկելու երկու հիմնական հարց՝ տարածքներն ու անվտանգության երաշխիքները, իսկ այդ գործընթացում միջնորդի դերակատարումն, ըստ նրա, վերապահված է ԱՄՆ-ին։