Առաջին արձագանքները՝ Նավալնիի թունավորման գործով. BBC
«Ռուսաստանը Նավալնիին դիտարկում էր որպես սպառնալիք»․ առաջին արձագանքները՝ քաղաքական գործիչի թունավորման գործի հետ կապված:
Մի շարք առաջատար արևմտյան երկրներ կոշտ հայտարարություններ են արել, իսկ ռուսական աղբյուրները՝ Նավալնիին թունավորելու մասին հաղորդագրություններն անվանել են կեղծիք և պրոպագանդա, փոխանցում է BBC-ին:
Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան, Մյունխենի անվտանգության համաժողովում լրագրողներին ասել է, որ եվրոպական երկրներից ստացված արդյունքները հաստատում են իր վաղեմի պնդումը, որ Ռուսաստանի նախագահն անձամբ է պատասխանատու նրա մահվան համար։ Նավալնին թունավորվել է հազվագյուտ թույնով՝ էպիբատիդինով, որը ստացվում է հարավամերիկյան գորտի մաշկից:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը նույնպես մասնակցել է Մյունխենի համաժողովին, մեկնաբանել է հետաքննության արդյունքները. «Ես ժամանակ չունեմ դրա մասին մտածելու: Ռուսաստանն ամեն օր հարձակվում և սպանում է ուկրաինացիներին»:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X սոցիալական մեդիա հարթակում Նավալնիի թունավորումն անվանել է «վախեցած առաջնորդի՝ վախկոտ արարք»։
Գովաբանելով Նավալնիի քաջությունը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ասել է, որ «ճշմարտությունն ասելու նրա վճռականությունը թողել է ժառանգություն, որը կշարունակվի»։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը Մյունխենում հայտարարել է, որ միայն Ռուսաստանի կառավարությունն ուներ Նավալնիին թունավորելու միջոցներ, դրդապատճառներ և հնարավորություններ։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի խոսքով էլ, «Ալեքսեյ Նավալնին ոչ միայն ռուսական ընդդիմության քաջարի դեմքն էր, այլև դավաճանական թունավորման զոհ»։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Նավալնիին, որը «մահացել է ազատ և ժողովրդավարական Ռուսաստանի համար պայքարելիս»։
Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ «կլինեն ուսումնասիրությունների արդյունքները, կլինեն նյութերի բանաձևեր՝ այդ ժամանակ էլ կլինեն մեկնաբանություններ»։
Դիվանագետի խոսքով՝ առանց դրանց բոլոր հայտարարությունները եւ խոսակցությունները տեղեկատվական խաբեություն են, որի նպատակը ուշադրությունը շեղելն է Արեւմուտքի հրատապ խնդիրներից։





























