Պուտինը կատարել է իր խոստումը. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է իր խոստումը Ուկրաինայի հետ «էներգետիկական դադարի» շրջանակում։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ դադարը գործել է մեկ շաբաթ՝ կիրակիից մինչև հաջորդ կիրակի, ինչից հետո ավարտվել է։


Նրա խոսքով՝ այդ ընթացքում Ռուսաստանը չի իրականացրել հարվածներ, սակայն դադարի ավարտից հետո իրականացվել է «ուժեղ հարված»։ Թրամփը շեշտել է, որ նույնիսկ մեկշաբաթյա դադարն այս պայմաններում կարևոր է։


ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չի հստակեցրել դրա անցկացման ժամանակը և չի բացահայտել քննարկված մանրամասները։


Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը խախտել է էներգետիկական դադարի պայմանները և զանգվածային հարված է հասցրել ընդամենը չորս օր անց։ Նա կոչ էր արել Վաշինգտոնին միջամտել իրավիճակին։ Նույն տեսակետը հայտնել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն, ով Կիև կատարած այցի ընթացքում ռուսական հարձակումը բնութագրել էր որպես «շատ վատ ազդակ»՝ սպասվող բանակցությունների նախաշեմին։