Տնտեսություն

«Արտ լանչ»-ում խախտումներ են արձանագրվել, գործունեությունը կասեցվել է

«Արտ լանչ»-ում խախտումներ են արձանագրվել, գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքում կասեցրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերությանը պատկանող «Արտ լանչ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։ Սննդամթերքի…

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքում կասեցրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերությանը պատկանող «Արտ լանչ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած ստուգմամբ «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության՝ Երևանի Աբելյան փողոց 6/12 հասցեում («Այ Թի Պարկ» բիզնես կենտրոն) գործող «Արտ լանչ» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել են օրենսդրական պահանջների հետևյալ խախտումները. – հանրային սննդի կառույցի պահեստային հատվածում, որտեղ իրականացվել են միրգ-բանջարեղենի լվացման և կտրատման աշխատանքներ, առկա շերտավարագույրով առանձնացված հանդերձարանը տեղակայված չի եղել կեղտի կուտակումն ու սննդամթերքի մեջ օտար մասնիկների թափանցումը բացառող ձևով, – կառույցում բացակայել է սննդամթերքի համար նախատեսված առանձնացված պահման տարածք՝ լվացող և ախտահանող նյութերից, – պահեստային հատվածի հատակը չի ունեցել հարթ մակերես, նորոգ ու մաքուր վիճակում չի պահվել, – պատերի խողովակները ենթարկված են եղել կոռոզիայի, իսկ խոհանոցի պատերի որոշ մասեր չեն եղել հարթ, նորոգ և մաքուր, – պահեստի և խոհանոցի առաստաղի որոշ հատվածներ կառուցված չեն եղել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելը կանխարգելող եղանակով, – խոհանոցի՝ անմիջապես դուրս բացվող դուռն ապահովված չի եղել միջատապաշտպան ցանցով։


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ նշված հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:


Բացի այդ, կասեցվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության՝ Երևանի Բաբաջանյան 40/1 հասցեում գործող ընդհանուր կենտրոնական խոհանոցի «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրությունը, քանի որ արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:


Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ տվյալ արտադրատեսակը «մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ» (ՄԱՖԱնՄՔ), «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:


«Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում ստուգումների ընթացքը շարունակվում է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250