Հասարակություն

Արհեստական բանականությամբ գրված օրինագծերը հեղեղել են ԱՄՆ Կոնգրեսը․ POLITICO

Արհեստական բանականությամբ գրված օրինագծերը հեղեղել են ԱՄՆ Կոնգրեսը․ POLITICO
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդրական խորհրդատուների գրասենյակը (OLC) բախվել է արհեստական բանականության միջոցով կազմված օրինագծերի մեծ հոսքի։ Դրանցից շատերը պարունակում են սխալներ և…

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդրական խորհրդատուների գրասենյակը (OLC) բախվել է արհեստական բանականության միջոցով կազմված օրինագծերի մեծ հոսքի։ Դրանցից շատերը պարունակում են սխալներ և անորակ իրավական ձևակերպումներ, գրում է POLITICO-ն։ 


Կոնգրեսականների գրասենյակներն ու տարբեր կազմակերպություններն ավելի հաճախ են գեներատիվ ԱԲ գործիքներ օգտագործում օրենսդրական նախագծեր պատրաստելու համար։ Արդյունքում OLC-ի իրավաբանները ստիպված են զգալիորեն ավելի շատ ժամանակ ծախսել այդ տեքստերը ստուգելու և վերաշարադրելու վրա։ Որոշ դեպքերում սխալները վերաբերում են օրենքների հղումներին կամ իրավական սահմանումներին, ինչը կարող է հետագայում դատական վեճերի պատճառ դառնալ։ 


POLITICO-ի աղբյուրներից մեկի խոսքով՝ աշխատակիցներն ու արտաքին կազմակերպությունները օրենսդրական տեքստեր պատրաստելու համար դիմում են Claude-ին կամ ChatGPT-ին։ ԱԲ-ով կազմված նախագծերում առկա սխալները շտկելը երբեմն ավելի երկար է տևում, քան օրինագիծը զրոյից պատրաստելը։ 


Փորձագետները նշում են, որ գեներատիվ ԱԲ-ն հաճախ չի կարողանում հաշվի առնել օրենսդրության համար կարևոր իրավական նրբությունները։ Այն կարող է, օրինակ, սխալ հղումներ կատարել գործող օրենքներին կամ ոչ ճիշտ տերմիններ օգտագործել։ 


Խնդիրը մեծացնում է նաև OLC-ի առանց այդ էլ ծանրաբեռնվածությունը։ Նախորդ Կոնգրեսի ընթացքում գրասենյակի 61 իրավաբաններն ու 19 օժանդակ աշխատակիցները պատրաստել են ավելի քան 30 հազար օրինագիծ։ Իսկ 2025 թվականի գործող Կոնգրեսի առաջին 60 օրում գրասենյակը ստացել է օրենսդրական աշխատանքի 5 623 դիմում՝ երկու տարի առաջվա համեմատ 72%-ով ավելի։ 


OLC-ն միաժամանակ ուսումնասիրում է, թե ինչպես կարելի է ԱԲ-ն օգտագործել սեփական աշխատանքն արդյունավետ դարձնելու, մասնավորապես՝ իրավական հետազոտություններն արագացնելու համար։ Սակայն մասնագետների գնահատմամբ՝ այս տեխնոլոգիան պետք է օգնի օրինագծեր կազմող իրավաբաններին, ոչ թե փոխարինի նրանց։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250