Պատահարներ Կարևոր

Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել

Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով մայոր Արամ Նավասարդյանի դատավճռի դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել։ Թե՛ տուժող, թե՛…

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով մայոր Արամ Նավասարդյանի դատավճռի դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել։ Թե՛ տուժող, թե՛ պաշտպանության կողմը պահանջում են բեկանել Արամ Նավասարդյանին 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռը, որը, տուժող կողմի պնդմամբ, ակնհայտ մեղմ է, նման հանցատեսակի համար՝ «սիմվոլիկ», իսկ պաշտպանության կողմն արդարացում է պահանջում։ Հանրային մեղադրողը, որը մեղադրական ճառով միջնորդել էր Նավասարդյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ բողոք չի ներկայացրել դատավճռի դեմ։ Զեկուցողը դատավոր Հայկ Գրիգորյանն է։


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, 2025 թ․ օգոստոսի 18-ին հրապարակել է դատավճիռը՝ Նավասարդյանին մեղավոր ճանաչելով և դատապարտելով ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, ինչը Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել։ Կազմի դատավորներից մեկը՝ Ռոբերտ Պապոյանը, հատուկ կարծիք է ներկայացրել՝ գտնելով, որ քրեական գործով անհրաժեշտ է նշանակել լրացուցիչ դատաավտոտեխնիկական փորձաքննություն։


Մասնավորապես, մինչդատական վարույթի ընթացքում՝ 2022 թվականի ապրիլի 28-ին, քննիչը որոշում է կայացրել տեսաձայնագրային և դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, որի կատարումը հանձնարարել է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին։ Նշված որոշմամբ քննիչի կողմից դատաավտոտեխնիկական փորձագետներին վտանգի առաջացման վերաբերյալ ներկայացվել է հետևյալ ելակետային տվյալը (մեջբերվում է)․ «Ավտովարորդ Արամ Նավասարդյանի համար վտանգն առաջ է եկել այն պահին, երբ, 01․06․1993 թ․ ծնված հետիոտն Սոնա Մնացականյանը Պարոնյան փողոցի կենտրոնական մասից մուտք է գործել «Տոյոտա Պրադո» մակնիշի նշված ավտոմեքենայի երթևեկելի ուղեմաս»։


Նշված որոշման հիման վրա 2022 թվականի ապրիլի 29-ին տրվել է թիվ 22-0960 եզրակացությունը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ փորձագետներ:


Դ․ Դալլաքյանն ու Ս․ Համբարյանն ավտոտեխնիկական փորձաքննությունն իրականացնելիս հիմք են ընդունել նախորդ պարբերությամբ նշված՝ վարորդի համար վտանգի առաջացման վերաբերյալ քննիչի ներկայացրած տվյալը և հանգել են համապատասխան հետևությունների, այդ թվում՝ Արամ Նավասարդյանի կողմից ՃԵԿ-ի կանոնների խախտման և պատահարի միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ։


2022 թվականի հուլիսի 1-ին քննիչը որոշում է կայացրել լրացուցիչ տեսաձայնագրային և դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, որի կատարումը կրկին հանձնարարել է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին։ Նշված որոշմանը ծանոթանալուց հետո պաշտպանական կողմը գրավոր միջնորդություն է ներկայացրել մինչդատական վարույթն իրականացնող մարմնին՝ փորձագետներին այլ հարցեր առաջադրելու վերաբերյալ, այդ թվում՝ հետևյալ հարցը (մեջբերվում է)․ «Հետիոտն Սոնա Մնացականյանի կողմից շարժման ուղղությունը և տեմպը փոփոխելու պայմաններում վտանգը «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդի երթևեկության համար որ պահից է առաջ գալիս, և այդ պահից սկսած վերջինս վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն ունեցել է, թե՝ ոչ»։


Պաշտպանական կողմի նշված միջնորդությունը քննիչի՝ 2022 թ․ հուլիսի 11-ի որոշմամբ բավարարվել է։ 2022 թվականի օգոստոսի 2-ին ստացվել է լրացուցիչ տեսաձայնագրային և դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությունը, որի տեսաձայնագրային հետազոտական մասում փաստվել է, որ դեպքի վայրի լրացուցիչ տեղատեսությամբ ձեռք բերված տվյալների արդյունքում պարզվել է, որ հետիոտնը «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի երթևեկության ուղեմասում կանգնել է 0,267 վայրկյան և դրանից հետո հետ քայլելով դեպի հետ է շարժվում 0,935 վայրկյան՝ անցնելով շուրջ 1,5 մետր տարածություն։

Չնայած նշված հանգամանքին՝ փորձագետներ Դ․ Դալլաքյանն ու Ս․ Համբարյանը, իրականացնելով փորձաքննության դատաավտոտեխնիկական մասը, առանց որևէ հիմնավորման չեն պատասխանել վարորդի համար վտանգի առաջացման հետ կապված հարցին՝ կրկին փաստելով, որ հիմք է ընդունվել վարույթն իրականացնող մարմնի կողմից դրա վերաբերյալ տրամադրված ելակետային տվյալը, մասնավորապես՝ նշելով․ «(…)Սույն լրացուցիչ համալիր փորձաքննությանն առաջադրված ելակետային տվյալների համաձայն վտանգը՝ «Տոյոտա Պրադո» մակնիշի 505 II 01 հ/հ հատուկ նշանակության մեքենայի վարորդի համար առաջացել է, երբ հետիոտնը հետիոտնային անցումով մուտք է գործել «Տոյոտա Պրադո» մակնիշի 505 II 01 հ/հ հատուկ նշանակության ավտոմեքենայի ուղեմաս(…)»։
Այս առումով հարկ է փաստել, որ լրացուցիչ համալիր փորձաքննությանը քննիչի կողմից չի տրամադրվել «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար վտանգի առաջացման պահի վերաբերյալ ելակետային տվյալ, մասնավորապես՝ որ վտանգն առաջացել է, երբ հետիոտնը հետիոտնային անցումով մուտք է գործել նշված ավտոմեքենայի ուղեմաս։ Այլ քննիչի որոշման մեջ այդ արձանագրումը պարունակում է տեսաձայնագրային և դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին 2022 թվականի ապրիլի 28-ի որոշման բովանդակությունը, մինչդեռ վտանգի առաջացման պահը քննիչի առաջադրմամբ պետք է պարզվեր լրացուցիչ համալիր փորձաքննությամբ։

2022 թ․ օգոստոսի 19-ի որոշմամբ նշանակվել է կրկնակի հանձնաժողովային տեսաձայնագրային և դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություն, որը հսկող դատախազի որոշմամբ վերացվել է։

Դատավոր Ռոբերտ Պապոյանը հատուկ կարծիքում կարևորել է փորձաքննության իրականացումը և առաջադրված հարցի պարզումը՝ արձանագրելով, որ վարորդի համար վտանգի առաջացումը հետիոտնի կողմից իր երթևեկելի ուղեմաս մուտք գործելու պահը դիտարկելը և քրեական գործով նշանակված համալիր տեսաձայնագրային և դատաավտոտեխնիկական երեք փորձաքննությունների կատարման ընթացքում այդ ելակետի հիմնավորմամբ վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն ունենալու վերաբերյալ հետևությունների հանգելն իրավաչափ չէ, քանի որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինն իր իսկ կողմից կասկածի տակ է դրել այդ հանգամանքը։

Հետիոտն Սոնա Մնացականյանի կողմից շարժման ուղղությունը և տեմպը փոփոխելու պայմաններում վտանգը «Տոյոտա Պրադո» մակնիշի 505 II 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի երթևեկության համար առաջանալու պահը և դրանով պայմանավորված՝ վերջինիս կողմից վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն ունենալու հանգամանքը որոշելու համար փորձագետներին առաջադրել է համապատասխան հարցը, որը, սակայն, առանց քրեադատավարական օրենքով սահմանված հիմնավորման պատասխանի չի արժանացել։

Դատավորը գտել է, որ Նավասարդյանի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ հետևության կարելի է գալ միայն լրացուցիչ դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելուց հետո։

Հիշեցնենք, որ 2022 թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 18։05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չի հաջողվել փրկել նաև պտղի կյանքը։

Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։ ՔԿ-ն ևս ի սկզբանե հայտարարել էր, որ վրաերթից հետո վարորդը հեռացել է ու միայն 2 ժամ անց վերադարձել։

Այդուհանդերձ, ՃՈ մայոր Արամ Նավասարդյանին մեղադրանք էր առաջադրվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մահվան ելքով վրաերթի համար, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ։

Հետագայում գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին։ Քննիչը նախ առարկել էր, ապա ստիպված կատարել դատախազի ցուցումը, քանի որ առարկությունները մերժվել էին։

Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է, և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան, որը մերժվել է։ Գործով անցնող միակ մեղադրյալը Արամ Նավասարդյանն է՝ «Ծեծեմ Արամ» մականունով հայտնի։

Տուժող կողմը գտնում է, որ նախաքննությունն իրականացվել է խիստ սուբյեկտիվ և նախապես որոշված շրջանակներում, այսինքն՝ բացառապես ՃՈ վարորդի՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանի գործողությունների գնահատման ուղղությամբ, հետևաբար քննության բազմակողմանիության մասին խոսք լինել չի կարող։ Ավելին, պարզվում է, որ գործից կարևոր ապացույցներ՝ ձայնագրություններ, անհետացել են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250